image
Հրատապ լուրեր:

Մահացել է համաշխարհային կինոյի աստղ Ջինա Լոլոբրիջիտան

Մահացել է համաշխարհային կինոյի աստղ Ջինա Լոլոբրիջիտան

95 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան: 1950-1960 թվականներին մեծ ճանաչման հասած դերասանուհին ծնվել է 1927 թվականին, Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։

Տարբեր պարբերականների կողմից զանազան տարիների ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի, գրավել է 3-րդ տեղը։

Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։ Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժյուլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման և սպասավորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա» (1973), Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա 1953), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956) և 1973 թվականին մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները։

Ջինա Լոլոբրիջիտան եղել է նաեւ լուսանկարիչ, հրատարակել է «Իմ Իտալիան» գիրք-ալբոմը: