Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ, Գերաշնորհ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի օրհնությամբ, Գևորգ Տեր-Վարդանյանի և Գագիկ Գ. Սարգսյանի խմբագրությամբ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտ. թեկնածու Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» ուսումնասիրությունը: Գրքում առաջին անգամ մեկտեղվել և ամբողջացվել են վանքի վերաբերյալ մատենագրության մեջ պահպանված տեղեկությունները, ինչպես նաև Խոր Վիրապում (նաև՝ Ակոռիում) գրված ձեռագրերն ու հուշարձանախմբի վիմական արձանագրությունները:
Ուսումնասիրության առաջին մասում ներկայացված է վանքի պատմությունը, ըստ այդմ՝ քրիստոնեության նախասկիզբ սրբավայր Խոր Վիրապի վանքը միջնադարի գրեթե բոլոր շրջափուլերում ունեցել է իր ուրույն դերն ու նշանակությունը: Վանքի մասին նախնական տեղեկությունները Ագաթանգեղոսինն են, որն ի մասնավորի անդրադառնում է Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման իրադարձություններին և, այդ համատեքստում, նաև Ս. Գրիգոր Լուսավորչի վարքին ու վարդապետությանը: Հայոց Տրդատ Գ. արքայի հրամանով Արտաշատ քաղաքի բանտ-արգելարաններից մեկում 13-15 դժնդակ տարիներ անցկացրած Ս. Գրիգոր Լուսավորիչը դարձավ ոչ միայն մեր նոր հավատի ջահակիրը, այլև Ս. Վիրապի հիմնադիրը: Վանքի մասին հետագա տեղեկությունները Է. դարից են: Հովհաննես Դրասխանակերտցի պատմագիր կաթողիկոսի վկայությամբ, Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսն այստեղ եկեղեցի է կառուցել, որն, ըստ արաբ մատենագիր Ալ-Մուկադասի տեղեկության, շուրջանակի սրահով, գմբեթաձև գլխարկի նմանվող և սպիտակ սրբատաշ քարից կառույց է եղել:
ԺԳ. դարում ի դեմս ականավոր գիտնական, մատենագիր Վարդան Արևելցու՝ Խոր Վիրապի վանքը նշանավորվել է իբրև կրթամշակութային և գրչության կենտրոն, որտեղ գործել է Վարդան Արևելցու դպրոց-վարդապետարանը: Այս շրջանում Խոր Վիրապի վանքը Արարատյան նահանգի առաջնորդի թեմական կենտրոնն էր, կապեր ուներ Խոսրովի արգելոցում գտնվող Վանստանի վանքի հետ, ունեին ընդհանուր առաջնորդ: Վանստանի վիմագրերում քանիցս վկայված է Խոր Վիրապի վանքը, տեղի եկեղեցու կառուցումն ու պարսպապատումը: Խոր Վիրապից մեզ հասած վաղագույն ձեռագրերը պատկանում են հիշյալ ժամանակաշրջանին և Վարդանի աշակերտների գրչին (Նոր Ջուղայի ձեռ. Հմր 212, ՄՄ 3082): Իբրև գրչության կենտրոն, Խոր Վիրապի դպրոցը տևական դադարից հետո շարունակել է գործել ԺԷ.-ԺԸ. դդ., կապեր ունեցել հարևան Ակոռիի գրչակենտրոնի հետ: Պատահական չէ, որ Խոր Վիրապից և Ակոռիից մեզ հասած մեկ տասնյակից ավելի ձեռագրերը ստեղծվել են Մուրատ և Պետրոս հայր և որդի գրիչների կողմից, իսկ Մուրատը նաև ձեռագրերի ծաղկողն է:
Աշխատության վերջին մասում ամբողջացվել են վանքի քարեղեն վկայագրերը, որոնք պահպանվել են հուշարձանախմբի որմերին, խաչքարերին ու տապանաքարերին: Վիմագրագիտության ժամանակակից մեթոդների հիմամբ (գրչանկար, վերծանության պայմանական նշաններ, լուսանկար) քննության է առնվել շուրջ 70 արձանագրություն, որոնցից նախկինում հրատարակվել էր 16-ը, այսինքն՝ մեծ թվով վիմագրեր գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ՝ պարզելով վանքի միաբանության անդամների, այցելու-նվիրատուների և այլոց անունները:
Գրքում զետեղված է նաև վանքի առաջնորդ-վանահայրերի գավազանագիրքը, իսկ լուսանկարների բաժնում տեղ են գտել նաև Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանաց տեսարանները հայ մանրանկարչության մեջ: Աշխատությունն ունի նաև անվանացանկեր (անձնանուններ, տեղանուններ, առարկայական), ձեռագրերի և վիմագրերի ժամանակագրական աղյուսակներ:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ Վահե և Աննա Դարբինյանների: