image

«Լաւրովին ասելու ենք,որ իրենց հետ բանակցողը հայ ժողովրդի ներկայացուցիչը չէ». Իշխան Սաղաթէլեան

«Լաւրովին ասելու ենք,որ իրենց հետ բանակցողը հայ ժողովրդի  ներկայացուցիչը չէ». Իշխան Սաղաթէլեան

Ընդդիմութեան առաջնորդներէն Իշխան Սաղաթէլեանը ֆէյսպուքեան իր էջով գրառում կատարած է` տեղեկացնելով, որ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովի այցով պայմանաւորուած` վաղը պիտի հաւաքուին Ֆրանսայի հրապարակ:

Գրառումը հետեւեալն է․

«ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը:

Հայ ժողովուրդն արդէն ձեւակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկւում եւ պաշտպանւում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացւում է միջազգային հանրութեանը, այդ թւում` Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին:

Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթութիւնները որեւէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետեւում բանակցում են Հայաստանի իշխանութիւն ներկայացողները:

Ուստի վաղը` Յունիսի 9-ին, ժամը 09:00-ին հաւաքւում ենք Ֆրանսայի հրապարակում, որպէսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք եւ մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետեւում պարտուածի դիրքերից բանակցողը չի արտայայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որեւէ գործընթաց իրականացնելու մանտաթ չունի:

P.S. Սիրելի հայրենակիցներ, իսկ վաղը 19:00-ին կրկին հաւաքւում ենք Ֆրանսայի հրապարակում հանրահաւաքի»: