image

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է երկու հոգու․ Տեսանյութ

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է  երկու հոգու․ Տեսանյութ

«Արեւելք»/ Ստամբուլ- Երեկ Ստամբուլում, Հրանտ Դինքի ծննդյան օրը, կայացել է նրա անունը կրող մրցանակաբաշխության (որ անցկացվում է 2009 թվականից) ամենամյա արարողությունը։ 

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է երկու հոգու՝ Թուրքիայից սննդի ոլորտի ինժեներ, դոկտոր Բյուլենթ Շիկին եւ եւս մեկ հոգու Թուրքիայից դուրս՝ իսպանա-մարոկկոյան ծագումով  Հելենա Մալենո Գարզոնին, որ փախստականների իրավունքները պաշտպանող միջազգային ակտիվիստ  է։ Վերջինս երեկ Ստամբուլում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասել է․ «Մենք այստեղ ենք, քանի որ ուզում ենք դիմակայել մահ ու տառապանք սնող գաղափարախոսության հիմքում ընկած ռասիզմին։ Մենք այստեղ ենք, քանի որ ուզում ենք հարգանքի տուրք մատուցել մեր կազմակերպության՝ Caminando Fronteras-ի կողմից 2018 թվականից ի վեր Իսպանիայի եւ Աֆրիկայի սահմաններին իրենց կյանքը կորցրած 31,258 մարդկանց, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում իրենց կյանքն ամեն օր կորցնող հազարավոր մարդկանց։ Նրանց հիշատակը մեզ պահում է։

Նրանց հիշատակի նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք չենք կարող հանձնվել հուսահատությանը կամ վախին։ Մինչ կյանքի եւ համերաշխության արմատները բազմաթիվ ճակատներից հարձակման են ենթարկվում, առաջընթացի ուղին արժանապատվության միջով է անցնում»։

Մյուս մրցանակի դափնեկիր Բյուլենթ Շիկն իր ելույթում ասել է.

«Դինքի ձայնը դեռեւս արձագանքում է այս երկրի խղճում: Նրա ձայնը խաղաղ ապրելու կոչ էր: Երբ ինձ խնդրեցին մրցանակաբաշխության համար ելույթ գրել, ես խուճապի մատնվեցի: Մի պահ մտածեցի: Առաջինը, որ մտքիս եկավ, իմ սիրելի հորեղբայրն էր: Ես չկարողացա չկապել հորեղբորս կյանքը Հրանտ Դինքի կյանքի հետ: Նա նույնպես պայքարում էր ժողովրդի համար: Նրան լռեցրին, ինչպես Հրանտ Դինքին: Նրանց երկուսի հիշողությունը մեզ հարցնում է. «Կարո՞ղ ենք իսկապես սգալ: Կարո՞ղ ենք ուժեղացնել նրանց խոսքերը եւ շարունակել նրանց պայքարը: Կան այնքան շատ վերքեր, որոնց համար արդարադատություն չի իրականացվել»:

Շիկը եզրափակել է իր ելույթը՝ ասելով, որ իր մրցանակը նվիրում է երեխաներին:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության բացմանը Դինքի այրի Ռաքել Դինքն իր խոսքը սկսել է հայերեն եւ քրդերեն ողջույններով։ Իր ելույթում նա ասել է․ «Մենք բոլորս կարիք ունենք օրենքի։ Որտեղ օրենք չկա,  անվստահություն, անկարգություն, քաոս, անհանգստություն եւ վիշտ կա։ Բազմանում են բռնությունն ու բռնակալությունը, զայրույթը, վիրավորանքը եւ ատելությունը։ Անհնար է ասել, թե ում ձեռքն ում գրպանում է։ Փաստ է, որ մենք բոլորս կարիք ունենք արդարության, այնպես, ինչպես ջրի, ինչպես օդի։ Եթե հզորներն արդար չեն, վա՜յ թույլերին եւ անզորներին»։ Իր ելույթում նա ընդգծել է աշխարհում շարունակվող պատերազմները, երեխաների եւ կանանց սպանությունները, անարդարությունն ու անօրինականությունը։ 

Մրցանակաբաշխությանն առաջին անգամ հնչել է «Ահպարիկ» երգը։ Մանրամասները՝ տեսանյութում․