Թուրքիայի Yeditepe համալսարանում բացվել է մամուլին նվիրված երկու ցուցահանդես, որոնք ցույց են տալիս Օսմանյան Թուրքիայի մամուլի պատմությունը, որը հասնում է մինչեւ մեր օրեր: Ցուցահանդեսներից մեկում ներկայացված են Օսմանյան կայսրությունում 19 տարբեր լեզուներով լույս տեսած թերթերն ու ամսագրերը, որոնց շարքում մեծ տեղ է հատկացված հայկական պատմական թերթերին:
Ցուցադրված են «Ժամանակ», «Արեւելք», «Օրագիր», «Մեղու», «Մասիս», «Ճէրիտէի Շարգիյէ», «Թերճումանը էֆքյար» (վերջին երկուսը հայատառ թուրքերեն են) թերթերը: Հատկանշական է, որ նշված թերթերից միայն «Ժամանակ»-ն է, որ մինչեւ հիմա շարունակում է լույս տեսնել՝ 114 տարի անխափան տպագրվելով Ստամբուլում եւ տարածվելով աշխարհով մեկ: Ցուցահանդեսին մասնակցել են նաեւ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանն ու խմբագրակազմի անդամ Այլին Քոչունյանը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ թուրքական համալսարանի կազմակերպած ձեռնարկին ցուցադրված էր «Ժամանակ» թերթի նշանավոր համարներից մեկը՝ 1908 թվականի թիվ 14-ը, որի առաջին էջում տպագրված է հայ գրող, փաստաբան եւ քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապի «Ի՞նչ կը սպասէ հայը Օսմանեան խորհրդարանէն» հոդվածը: 1908 թվականին, ընտրվելով թուրքական պառլամենտի պատգամավո, Գրիգոր Զոհրապն ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, պաշտպանում հայության շահերը:
Թուրքական համալսարանում բացված ցուցահանդեսները կյանքի են կոչվել համալսարանի Եվրոպայի աշխատանքների բաժանմունիք տնօրեն, պրոֆեսոր Սուաթ Գեզգինի նախաձեռնությամբ: Առաջին ցուցահանդեսը կրում է «Օսմանյան պետության մեջ գաղափարի ու մտքի ազատություն. բազմալեզու մամուլի կենտրոնը՝ Ստամբուլ», երկրորդը՝ «Թերջումանը Ահվալ»-ից մինչեւ մեր օրերը թուրքական մամուլի պատմության գաղափարի հոսանքը» խորագրերը: Նշենք, որ «Թերջումանը Ահվալ»-ը Օսմանյան կայսրությունում լույս տեսած առաջին թերթն է (1860), որ քննում էր օսմանյան հասարակության հետամնացության պատճառները: 1866-ին, կրթական համակարգը քննադատող հոդվածների պատճառով թերթը փակվել է, ինչը օսմանյան իրականության մեջ թերթ փակելու առաջին օրինակն էր: