image

Հայերէնը կը զուարճանայ ( 125)

Հայերէնը կը զուարճանայ ( 125)

 Ուրեմն կը շարունակենք գլխագրումի բնաբանը:

            1. Կը գլխագրուին աշխարհագրական  տարածք ցոյց տուող բարդ անուններու բոլոր բաղադրիչները.

                        --Փոքր Ասիա, սակայն՝ փոքրասիական     

                        --Մերձաւոր Արեւելք, սակայն՝ մերձարեւելեան

                        --Ծայրագոյն Արեւելք

                        --Միջին Ասիա, սակայն՝ միջինասիական

                        --Վերին Եգիպտոս, Ստորին Եգիպտոս[1]

                   --Հարաւային Արաբիա, սակայն՝ հարաւարաբական      

                        --Հարաւային Ամերիկա, սակայն հարաւամերիկեան

                         --Հարաւային Ափրիկէ, սակայն՝ հարաւափրիկեան

                        --Արեւմտեան Հայաստան կամ Արեւմտահայաստան, արեւմտահայկական

                        --Արեւելեան Հայաստան կամ Արեւելահայաստան, արեւելահայկական

          Արշակունի, մխիթարեան եւ նմանները չեն գլխագրուիր իբրեւ անհատական անուն. օրինակ՝ «Երկու մխիթարեաններ կը փորձէին ուղղել մեր սխալները»: Ասոնք կը գլխագրուին երբ կ’ակնարկեն այդ անունները կրողներու ամբողջութեան.

                        --Արշակունիները տուին մեր լաւագոյն թագաւորները:

                        --Մխիթարեաններուն կը պարտինք մեր վերահայացումը:

            Տօնական օրերերու անունները առանձնաբար կը գլխագրուին, օրինակ՝ Ծնունդ, Զատիկ, Համբարձում, Հոգեգալուստ... ասոնք իբրեւ բառակապակցութիւն կու տան՝ Սուրբ ծնունդ, Սուրբ զատիկ, Նոր տարի, Մեծ պահք եւ այլն:

            Կրնայ պատահիլ, որ նոյն անունը գրուի երկու տարբեր ձեւով իր շարադասութեան բերումով. օրինակ՝  Տրդատի դուռ, որ կամար մըն է Էջմիածնի բակին մէջ, եւ Դուռն Տրդատայ. Առաջինը աշխարհաբարեան  արտասանութիւնն է, երկրորդը՝ գրաբարեան:

            2. Կը գլխագրուին ժամանակակից կայացած տէրութեանց կամ գերտէրութեանց անուններու բոլոր բառերը. ինչպէս՝

                        --Միացեալ Նահանգներ (ՄՆ)

                   --Ռուսական Դաշնութիւն(ՌԴ)

                   --Եւրոպական Միութիւն (ԵՄ)

                   --Արաբական Միացեալ Էմիրութիւն (ԱՄԷ):

             Չեն գլխագրուիր պատմական տէրութեանց անունները.

                        --Հռոմէական կայսրութիւն

                   --Բագրատունեաց  հարստութիւն

                   --Օսմանեան տէրութիւն:   

            3. Միայն առաջին բառը կը գլխագրուի հոգեւոր կառոյցներու եւ նստավայրերու, որոնք կ’ընկալուին իբրեւ վերացական հասկացութիւններ.

                        --Հայ առաքելական եկեղեցի

                        --Հայաստանեայց (Հայց.) առաքելական սուրբ եկեղեցի

                        --Ընդհանրական եւ առաքելական եկեղեցի

                        --Հայ առաքելական եկեղեցւոյ Արարատեան թեմ

                        --Կաթողիկէ եկեղեցի

                   --Եհովայի վկաներ

                        --Աւետարանական եկեղեցի

                        --Առաքելական եկեղեցի

                        --Արեւելեան ուղղափառ եկեղեցիներ 

                        --Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

                        --Սուրբ Էջմիածին Մայր[2] աթոռ  (կամ՝ տաճար)

                        --Մեծի տանն Կիլիկիոյ  սուրբ աթոռը

             Ծանօթ.− Աթոռ բառը կը գլխագրենք, երբ ան  կ’անձնաւորուի եւ   կը փոխարինէ ամբողջ բառակապակցութիւնը. օրինակ՝ «Աթոռս որոշեց  սրբագործել անոր անունը»:

            4. Չեն գլխագրուիր աշխարհիկ եւ հոգեւոր տիտղոսները.

                        --նախարար, վարչապետ,  նախագահ

                   --եպիսկոպոս (եպս.), կաթողիկոս (կթղ.), ծայրագոյն վարդապետ (ծվ.)

                   --քահանայ (քհն.), քահանայապետ,  պատուելի, վերապատուելի

                   --մոլլա, խախամ,  քուրմ, քրմապետ,  սուրբ, սրբուհի

                        Օրինակ՝ սուրբ Ներսէս Շնորհալի, սրբուհի Հեղինէ:

            Գլխագրումը կը ջնջէ տուեալ տիտղոսին բառային նշանակութիւնը. օրինակ՝ Սուրբ Հեղինէ կղզիի մը անունն է, այլ խօսքով՝ նիւթ  մըն է. Սուրբ Նշան՝ անունն է համապատասխան քարաշէն դպրոցին կամ  եկեղեցիին: Սակայն սուրբ Հեղինէ-ով  կ’ակնարկուի Կոստանդիանոս կայսեր մօրը, որ իր կեանքով ու գործունէութեամբ  ճանչցուած է իբրեւ սրբուհի,  եւ  սուրբ Նշան՝ այն հայ  երանելին է, որ կը կրէ այս անունը եւ ունեցած է համապատասխան վարք ու կենցաղ:

            5. Չեն գլխագրուիր կրօնական, քաղաքական, գաղափարական, կուսակցական, ազգային ու լեզուական պատկանելութիւն   ցոյց տուող բառերը.

                        --քրիստոնեայ, իսլամ, հրեայ

                   --միապետական, հանրապետական,

                   --աջակողմեան, ձախակողմեան, յառաջդիմական, ժողովրդավար

                   --հնչակեան, դաշնակցական, ռամկավար-ազատական

                   --հայ, յոյն, արաբ, ֆրանսացի

                   --հայերէն, ֆրանսերէն, չինարէն

            Ծանօթ.− Արեւմտեան կարգ մը լեզուներ կը զանազանեն  ազգութիւն ցոյց տուող բառերեը, քանի որ այդ նոյն բառերը ցոյց կու տան նաեւ անոնց լեզուն. օրինակ՝ Français-français, English-english: Հայերէնը չունի այս շփոթը, քանի կ’ըսէ՝ հայ-հայերէն, յոյն-յունարէն...

            Մրցոյթ 123.

            ***Վերաշարադրել հետեւեալները.

            ---Հարաւի  լիբանանեան ուժեր(ը) դրուեցան ահազանգային վիճակի մէջ:

          ---Բացի անկէ՝ տնկարանը արդէն համալրուած է բարտիի 15.000  կտրօններով:

            ---Զաքարեան ինքզինք  պախարակած է այդքան բաց գրելուն համար:

            ---Պահանջուած է յարգել  2022-ի հանդիպման յանձնառութիւնները:

            ---Համայնքի առաջնորդները  առիթ ունեցան ազատօրէն շփուելու իրար(ու) հետ:

            Ճիշդ պատասխանած են՝  Գեղամ Խաչատրեան (6), Ցոլակ Ապտալեան (8), Համբարձում Յարթունեան (6), Դանիէլ Թիւֆենքճեան (7), Լեւոն Շառոյեան (8), Եփրեմ Թnքճեան (4):

            Մրցոյթ 124.

            ***Մէկ նախադասութեամբ ըսէ իւրաքանչիւր զոյգը.

            ---Արան կաքաւ մը որսաց:

                 Արան արտոյտ մը որսաց:

            ---Արան  կաքաւ մը որսաց:

                 Շահէն  արտոյտ մը որսաց:

            ---Արան  կաքաւ մը որսաց:

                 Շահէն  կաքաւ մը որսաց:

            ***Վերաշարադրէ հետեւեալները.

            ---Արցախի ինքնիշխան շրջանները կը գտնուին  ատրպեյճանական  աքցանին միջեւ:

            ---Սուրիացի տեղահանուածներու տունդարձը դանդաղ կերպով  կ’ընթանայ:

     

 Արմենակ Եղիայեան



[1]  Ասոնք աշխարհագրական ինքնուրոյնութիւն ստացած եւ վաղ անցեալին անջատ  թագաւորութիւն դարձած բաժանումներու անուանումներ են:

[2] Սա միակ պարագան է, ուր Մայր-ը կը գլխագրենք այն տրամաբանութեամբ, որ  ան կը բնորոշէ Հայաստանի հողին վրայ հաստատուած առաջին աթոռը եւ առաջին տաճարը: