image

Հայաստանում սկիզբ է առել հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ նախաձեռնությունը

Հայաստանում սկիզբ է առել հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ նախաձեռնությունը
Այսօր Հայաստանում ստեղծվել է ազգային արժեքների պահպանման ԿԱՄՔ նախաձեռնությունը, որը հետեւյալ հայտարարությունն է տարածել.

«Սույնով հայտնում ենք հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական նախաձեռնության ստեղծման մասին։ Հայտարարում ենք, որ համատեղ ջանքերով պայքարելու ենք հայկական արժեքների պաշտպանության համար:
Ջանք չենք խնայելու, որպեսզի անձեռնմխելի լինեն հայկական ավանդական սուրբ եկեղեցին, հայկական ավանդական ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, լեզուն, որոնք մեր ժողովուրդի հազարամյա մշակույթի ու ավանդությունների հենասյուններն են եւ հաստատված են մեր երկրի Սահմանադրությամբ:
Սույն հայտարարությամբ զգաստության ենք հրավիրում բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում առանց ամոթի ու անզգուշորեն փորձում են Հայաստանում ավանդապաշտ մեծամասնությանը ճնշել իրենց խարդավանքով ու կեղծ եւ օտարամուտ արժեքներով, կոչ ենք անում չտրվել արկածախնդրության եւ մեր երկիրն ապակայունացնելու սին հույսերին: Հայրենի իշխանություններին հորդորում ենք անսալ մեր կոչերին եւ տուրք չտալ օտար երկրների կողմից մեզ պարտադրվող կեղծ ազատականությանը, առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որը հզոր երաշխիք է մեր ժողովրդի շարունակականությունն ապահովող հայկական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի անձեռնմխելիությանը:

Կոչ ենք ուղղում համայն հայությանը, հայ ավանդապաշտ երիտասարդությանը, հայկական եկեղեցական ու քաղաքական շրջանակներին միանալ մեր ջանքերին եւ կասեցնել հետզհետե Հայաստանում ներթափանցող ու ահագնացող այլասերման սպառնալիքը: 

Թող ոչ ոք ազատականության ու հանդուրժողականության դասեր չտա հայությանը, մեր հանրությունը հանդուրժում է մարդու խղճի եւ սեռական ազատությունը, հանդուրժել է, պետք է հանդուրժի ու կհանդուրժի:
Սակայն հայկական արժանիքներին սպառնալը ազատականություն չի կարող համարվել: Հայաստանում մեր երեխաների եւ մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու:
Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմներ եւ զանգվածային արտագաղթ տեսած մեր ժողովրդի առաջնային խնդիրը հայկական ավանդական ընտանիքի եւ հայ առողջ ու գիտակից երեխաներ ծնելու ավանդույթի պաշտպանությունն է: Դրանով իսկ համասեռամոլության քարոզումը ուղիղ սպառնալիք է մեր ժողովրդի եւ երկրի անվտանգությանը:
Այս առիթով պահանջում ենք չեղարկել սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյանների միջազգային ֆորումը, որովհետեւ այն անկանխատեսելի դեպքերի և բռնության ու զայրույթի պատճառ է դառնալու, որի ողջ պատասխանատվությունը ընկնում է ֆորումի կազմակերպիչների և այն Հայաստանում արտոնողների վրա»:


Նախաձեռնող խումբ