image
Հրատապ լուրեր:

Գյումրիում կառուցվող նոր թանգարանն արեւմտահայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի անվան վրա լույս է սփռելու

Գյումրիում կառուցվող նոր թանգարանն արեւմտահայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի անվան վրա լույս է սփռելու

Քննարկվում է Գյումրիում Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը, տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից: Այդ առիթով մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Կիշան Դան Դեվալին։

Հանդիպման առանցքում Գյումրիում առանձին ցուցասրահ կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ մեծանուն նկարիչ  Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները, որանք այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում։ 

Անդրադարձ է կատարվել նաեւ  հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Գյումրիում միջոցառումներ անցկացնելու հարցին։

 

Իսկ կառուցվող ցուցասրահ-թանգարանը նոր լույս է սփռելու նկարիչ Սարգիս Խաչատուրյանի անվան վրա, որ  առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի եւ Ցեյլոնի VI-XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը։ 1942 թվականին հնդկական եւ ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում եւ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում։ Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն եղան եւ հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը։