Երեւանում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» գիտաժողովը

Երեւանում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» գիտաժողովը

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Պատմության  եւ Արեւելագիտության ինստիտուտները, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: 

Գիտաժողովին իրենց օրհնության խոսք էին ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցում են անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ: 

Ողջունելով ներկաներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց.« Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած  է ներկայի հայ-թրքական սահմանը։ Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ' Մոսկուայի, թէ' Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։ Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ»:

Միջազգային գիտաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները: