Այսօր իրադարձություն է սպասվում երաժշտասերների, ավելի ճիշտ՝ ռոքասերների համար: Հայաստանյան հայտնի ռոք խմբերից մեկը՝ «Դոգման», Տիկնիկային թատրոնի շենքում համերգ է ունենալու՝ միաժամանակ ներկայացնելով իր երրորդ ալբոմը՝ «Նա Նե» խորագրով: «Դոգման» Հայաստանում արդեն ունի իր երկրպագուների կայացած զանգվածը, ճանաչված է նաև արտերկրում: Դրսում այդ ճանաչմանը խումբը հասել է արտասահմանյան փառատոների և լուրջ երաժշտական ծրագրերի մասնակցելով, ինչպես նաև միշտ սպասված հյուր է հայաստանյան ռոք փառատոներին:
Խմբի երգչուհի Զառա Գևորգյանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ այս ալբոմի թողարկմանը երկար են սպասել, մեկ տարի է աշխատում են ալբոմի վրա, և քանի որ խմբի թմբկահարը՝ Գոռը շուտով բանակ է գնալու, որոշվեց, ալբոմի շնորհանդեսը կատարել զորակոչվելուց առաջ : «Նա Նե»-ն առաջին ալբոմն է, որին իր մասնակցությունն է բերել երիտասարդ երաժիշտ Գոռ Ավետիսյանը:
Բարի ծառայություն Գոռին
Զառա Գևորգյանը նշեց, որ ալբոմում ընդգրկված ինը երգերից յոթը հնչելու են առաջին անգամ, այլ անակնկալներ ևս կան ռոքասերների համար: Դատելով համերգից և ալբոմի շնորհանդեսից առաջ երաժշտասերների արձագանքներից՝ Զառա Գևորգյանը վստահ է, որ «Դոգմայի» երկրպագուները անհամբեր սպասում են երաժշտական այս իրադարձությանը:
«Մենք էլ շատ ծանրաբեռնված էինք, բայց ամեն ինչ արեցինք՝ հասցնելու համար: Ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք միասին նշելու տոնը» ,-ասաց երգչուհի Զառա Գևորգյանը:
Ալբոմի ձայնագրությանն իր մասնակցությունն է ունեցել նաև Արտո Թունջբոյաջյանը, իսկ «Նա նե» անունը ընտրվել է աղջկա և տղայի երկխոսությունն ընդգծելու, ինչպես նաև ալբոմում «Նա Նե» երգն է առիթ հանդիսացել գեղեցիկ անվանման համար: