«Բնականաբար, դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պէտք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»: Այս մասին 16 Հոկտեմբերին, Հրազդանի մէջ, պատերազմին զոհուածներուն նուիրուած համաքաղաքային յուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ըսաւ Երկրապահ կամաւորականներու միութեան (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայէլեան:
«Մենք երբեք չպէտք է յուսահատուենք, մենք, յատկապէս երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք յուսահատւում, որովհետեւ եթէ մնանք էսպէս անորոշութեան, յուսահատութեան մէջ, մենք աւելի դաժան ու դժուար արհաւիրքների առաջ կը կանգնենք: Այսօր թուրքը հասել է մեր Հայաստանի Հանրապետութեան սահմաններին եւ մենք պէտք է ամէն մէկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նոյնպէս ապրել էին ուզում, բայց կեանքից առաւել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետութիւնը, պետականութիւնը, եռագոյնը, Եռաբլուրը: Ինչպէս ասում են` կռւում են անհատները, ժողովուրդը, յաղթում են նահատակները: Տղերքը յաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտութիւնը եւ ես միշտ ասել եմ` որտեղ, որ ընկել են տղաները, դա մեր համար սրբավայր է եւ մենք պարտաւոր ենք վերադառնալու մեր սրբավայրերը: Փառք ու պատիւ Հայաստանի Հանրապետութեանը, փառք ու պատիւ Արցախի Հանրապետութեանը, փառք ու պատիւ մեր սփիւռքահայութեանը, նորից ու նորից ընդունէք մեր խոնարհումը եւ գլուխներս միշտ բարձր, քանի որ ձեր զաւակները չծնկան», ըսաւ Միքայէլեան:
ԵԿՄ-ի նախագահ՝ Սասուն Միքայէլեան պատուոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց բարերար Աիտա Աւետիսեանը, գեղանկարիչը եւ յուշակոթողին քանդակագործը: