Տարիներ առաջ, երբ «Մովսես Խորենացի» մեդալակիր Դիանա Գրիգորյանը ոչ թե սերիալների սցենարներ էր գրում, այլ հեռուստաընկերություններից մեկում վարում էր «Բումերանգ» հաղորդումը, նրան հյուր էր գնացել Շուշան Պետրոսյանը: Թե ինչի մասին էին խոսում` ապագա ԱԺ պատգամավորն ու «Մովսես Խորենացի» մեդալակիրը, անկեղծ ասած, չեմ հիշում, հաղորդման ավարտից հինգ րոպե հետո էլ չէի հիշում, բայց լավ հիշում եմ, որ հաղորդման վերջում Շուշանը Դիանային նվիրում է… իսկական բումերանգ: «Բումերանգ» հաղորդման վարողը վերցնում է իրը, ժպտում եւ տալիս է հանճարեղ հարց. «Սա ի՞նչ է»… Շուշանն էլ հանգիստ պատասխանում է` բումերանգ: Դիանան մի քիչ կարմրում է, հետո ժպտում, հետո հաղորդումն ավարտվում է…
Հիմա մտածում եմ, թե ի՞նչ է ասել Դիանա Գրիգորյանը, որ «Բումերանգ» հաղորդումից սկսած`հայկական մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, հեռուստատեսության բնագավառներում ստեղծագործական ակնառու նվաճումներ է նվաճումների հետեւից գրանցում, բայց, եթե Դիանա Գրիգորյանը «Բումերանգի» ժամանակներից շատ չի փոխվել, իսկ ես վստահ եմ, որ շատ չի փոխվել, ապա պետք է, որ մեդալը վերցրած լինի եւ ասի. «Սա ի՞նչ է»…
Բայց այս պատմության մեջ, ինչպես եւ հայկական մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, հեռուստատեսության բնագավառներում Դիանան ամենեւին էլ կարեւոր չէ. մարդուն զանգահարել են, ասել, որ հագնի իր ամենագեղեցիկ զգեստը եւ, օրինակ ուրբաթ օրը գա նախագահական, քանի որ այդ օրը նրան պարգեւատրելու են մեդալով: Հո չէ՞ր կարող ասել, գիտե՞ք, ես չեմ կարող գալ, քանի որ իմ բոլոր շորերն էլ գեղեցիկ են ու ես կդժվարանամ որոշել, թե ո՞րն է դրանցից ամենագեղեցիկը, կամ հո չէ՞ր կարող մերժել հրավերը` ասելով, որ ինքը նախագահականից մեդալներ չի ուզում, կամ առհասարակ մեդալ չի ուզում, այդ ո՞վ չի ուզի մեդալ ստանալ, նկատի ունեմ` Դիանա Գրիգորյանի քննադատներից ո՞ր մեկը… Ի դեպ, նրանք ավելի կարեւոր են, քան ինքը` Դիանան: Բանն այն է, որ ի տարբերություն «հայկական սերիալների թագուհու», նրան քննադատողները «հայկական մշակույթը մաքուր պահողներն են», դե այդ մարդկանց այդպես է թվում, ու քանի որ Դիանան հայկական մշակույթը ոչ թե մաքուր է պահում, այլ հերն անիծում է, ավելին, դրա համար, ահա, մեդալ է ստանում, մարդիկ խառնվել են իրար: Ճիշտ է՝ ոչ ոք նրանց չի հարցնում, թե եղբայր կամ քույրիկ, իսկ ո՞ւր էիք դուք, երբ Դիանա Գրիգորյանը ամեն սերիալի յուրաքանչյուր սերիայում մարդ էր սպանում`ե՛ւ դանակով, ե՛ւ անճաշակությամբ, ինչո՞ւ Ֆեյսբուքը չէիք ողողում ձեր գրառումներով, ուրեմն ինչո՞ւ եք հիմա բողոքում… Եւ ինչո՞ւ եք բողոքում ճիշտ այն բառապաշարով, որով Դիանա Գրիգորյանը սերիալի սցենար է գրում: Եթե դուք ուրիշ եք, Դիանան ուրիշ է, ինչո՞ւ եք ուրեմն միևեւնույն լեզվով խոսում եւ նույնկերպ շատ խոսում:
Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը: Հայաստանում ամեն 5-րդը հաստատ ամեն օր նայում է Դիանա Գրիգորյանի սցենարով նկարահանված սերիալը: Ընդ որում` անկախ սեռից, տարիքից ու կրթությունից: Մեզնից ամեն հինգերորդի համար մարդասպանությունը, գռեհկությունը, ռաբիսությունը, արյան ու բռնության տեսարանները, հայերենի եւ արվեստի բռնաբարությունը սովորական բաներ են, ավելին` ցանկալի: Եթե ամեն օր գոնե հեռուստաէկրաններից չենք տեսնում, քուններս չի տանում: Է՛, Դիանան էլ, մեզ տալիս է այն, ինչը մենք ամենաշատն են ուզում ու սիրում, վատ բան է անո՞ւմ, ավելի ճիշտ` սա նշանակում է, որ Դիանա՞ն է վատ բան անում: Մենք նետել ենք Դիանային գարշելիության եւ ռաբիսության բումերանգը, մարդն էլ, ահա, այն վերադարձնում է մեզ` «Մովսես Խորենացի» մեդալի տեքսով: Ճիշտ է, սկզբում հարցնում է, թե սա ի՞նչ է, սակայն մենք էլ այդ հարցի պատասխանը չունենք եւ ամենակարեւորը հենց դա է:
Ամեն դեպքում, ո՛չ Մովսես Խորենացին է մեղավոր, որ իր անվան մեդալից Դիանան էլ ունի, ո՛չ էլ Դիանան է մեղավոր, որ իրեն մեդալ են տվել, նույնիսկ այդ մեդալ տվողը մեղավոր չէ: Մեղավորը մենք ենք, քանի որ կամ քանի դեռ սերիալ ենք նայում, ամբողջ ընտանիքով, մեծից` փոքր: