image

ArtBridge. Վայր, ուր կամրջվում են արվեստն ու իրականությունը

ArtBridge. Վայր, ուր կամրջվում են արվեստն ու իրականությունը

ArtBridge գրախանութ-սրճարանը Երեւանում առաջինն է իր տեսակի մեջ: Արվեստի շունչն այստեղ ամենուր է` գրքեր, նկարներ, ցուցահանդես-վաճառք, լավ երաժշտություն, համեղ, յուրօրինակ ուտեստներ…

Շաքե Հավան Կարապետյանը, 2001թ-ի մայիսի 30-ին բացելով գրախանութ-սրճարանը, գուցե չէր էլ պատկերացնում, որ այն դառնալու է ոչ միայն արվեստասերների, այլեւ առհասարակ տեղացիների ու զբոսաշրջիկների սիրելի հավաքատեղին, որ այն հաջողված բիզնեսից առավել լինելու է սիրելի զբաղմունք, նվիրում ու ապրելակերպ:

Այսօր արդեն ArtBridge գրախանութ-սրճարանը տոնում է հիմնադրման 15-ամյակը:

-2001-ին կարող էիր առավոտյան 8.30-ին փողոցում ծաղիկ գնել, բայց սուրճ խմել չէիր կարող: Մենք ստեղծեցինք մի վայր, որտեղ մարդը կարող է մի բաժակ սուրճով  թերթ կարդալ, ծանոթանալ առաջիկա մշակութային իրադարձություններին, ձեռք բերել դրանց տոմսերը, գիրք գնել…,- «Արևելքի» հետ զրույցում նշում է հիմնադիրը:

Գրախանութ-սրճարանի բացումը միանշանակ չի ընկալվել ծանոթների կողմից: Շատերն են ասել` չի աշխատի:

-Այն ժամանակ գրքեր քիչ էին տպագրվում, մշակութային ազդարարները ձեռքով էին գրվում, տպագրությունն այսքան զարգացած չէր, բայց հիմա գրքերն այնքան շատ են, որ տեղ չունենք բոլորը ցուցադրելու համար,- ասում է Շաքե Հավան Կարապետյանը:

Գրախանութ-սրճարանում հաճախ են նկարների, գրքերի ցուցահանդես-վաճառքներ, գրքերի շնորհանդեսներ կազմակերպվում:

-Համագործակցում ենք թե անհատների, թե հրատարակչությունների հետ,- ասում է հիմնադիրը:

ArtBridge-ն ունի նաեւ Book Exchange եւ  Second hand  բաժինները, որտեղ կարելի է գիրք վերցնել` մեկ այլ գիրք թողնելու պայմանով, կամ կարելի է արդեն կարդացված գրքերը վաճառքի դնել:

ArtBridge-ը գոյության 15 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողված ծրագրերով է հանդես եկել: Հիմնադիրն առանձնացնում է հատկապես սահմանամերձ գյուղերում գրքերի ցուցահանդես-վաճառքի ծրագիրը:

-Հրատարակիչները մեզ մատչելի գներով գրքեր էին տրամադրում, մենք ինքնարժեքով դրանք վաճառում էինք: Հիմա արդեն չենք իրականացնում այդ ծրագիրը, հրատարակիչներին ենք զիջել դաշտը,- նշում  է նա:

ArtBridge-ի հաջողության գաղտնիքն ու գրավականը, հիմնադրի խոսքով, մեկն է` սկզբունքայնությունը:

-Մենք միշտ հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին` աշխատել ազնիվ, մաքուր, արդար, իմանալ իրավունքները եւ աշխատել օրենքի շրջանակներում,- նշում է  նա:



 

Ինչ վերաբերում է սննդին եւ ըմպելիքներին` այստեղ առաջարկում են բացառապես հայկական արտադրության հումքից պատրաստված յուրահատուկ ուտեստներ, հայկական գինի եւ խմիչքներ:

-Այն, ինչը մեր շուկան չի կարող ապահովել, մենք այդ ուտեստները չենք պատրաստում: Սառեցված, ներկրված ապրանքներ չենք օգտագործում: Սնունդը մեզ մոտ պետք է միշտ թարմ լինի,- ասում է Շաքե Հավան Կարապետյանը:

Արդեն հունիսի 1-ից գրախանութ-սրճարանը (Աբովյան 20) այցելուներին կառաջարկի ուտեստների նոր` թարմացված տեսականի: Իսկ մինչ այդ, կարելի է հավաքվել ընկերներով, բարեկամներով, պարզապես արտբրիջականներով և նշել սիրելի սրճարանի տոնը: 

 

 

Տաթևիկ Սարգսյան