Հանգստյան օրերին՝ Մհերի մահվանից ժամեր առաջ, մենք նրա հետ զվարթ տրամադրությամբ քննարկվում էինք հաջորդ համարի խմբագրականի իմ թեման: Նա հիվանդանոցում էր՝ ինչպես հաճախ էր պատահում վերջին ամիսներին՝ ապրելու համար իր պայքարով: Հասարակ օր էր թվում: Կարծում էի՝ պիտի հանդիպենք կիրակի, որպեսզի հստակեցնենք՝ ինչ եմ գրելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ու զրուցենք ամռանը խաշ ուտելու հնարավոր լինելու-չլինելու մասին (մեր հումորի տեսակը շատ նման է իրար):
«Ճամփորդի» շատ սիրելի խմբագրի ցավոտ կորստի մեջ ինձ ամենաշատը վախեցնում է այն, որ մենք չենք կարողանա գտնել Մհերի պես ոչ միայն խմբագրի, այլև՝ մարդու, հայի: Նա ուներ բոլոր այն գծերը, որոնք թերթին հիմնաքարի պես անհրաժեշտ են. պրոֆեսիոնալիզմ, գրելու անկաղապար ձիրք, բազմակողմանի խորը գիտելիքներ ՝ հատկապես հայոց պատմության վերաբերյալ, լավատեսություն ու գրպանում մշտապես պահած մի բաժին լուսավոր հույս՝ ապագայի նկատմամբ: Ավելացրեք այս ամենին իր մեծ սիրտն ու անափ հոգին, նրբաճաշակ ու մեխող հումորի զգացումը: Նա ամուր ու ինքն ասածի էր, բայց հայացքի փափկությունը ստիպում էր հավատալ ամեն մի բառին, հենց դրա շնորհիվ ես հավատացի ինձ ու «Ճամփորդին»:
Ես հանդիպեցի Մհերին անցած տարի, երբ մենք դեռ խմբագիր էինք փնտրում ապագա թերթի համար: Նրա առաջին բառերն էին. «Արիանա, սա անվճար թերթ է: Եթե դու չես ուզում, որպեսզի այն դառնա թերթոն, պետք է «ստիպես» մարդկանց սիրահարվել էջերին: Նրանք պետք է կարոտեն ու սպասեն մեզ»: Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է կենտրոնանամ նախ հենց որակի, հետո նոր՝ պարբերականության, դիզայնի ու այլ տեխնիկական հարցերի վրա: Սա ամենակարևոր որոշումն էր՝ «Ճամփորդը» ստեղծելուց առաջ:
Մհերը հենց այն գլխավոր խմբագիրն էր, ում ես փնտրում էի «Ճամփորդի» համար, քանի որ ես և նա կիսում էինք միևնույն տեսլականը:

Արիանա Արոյան, «Ճամբորդի» հիմնադիր
Առաջին էջի խմբագրականների վրա նույնպես միասին էինք աշխատում: Նրան դուր էր գալիս իմ գրելաոճը, բայց հաճախ էր նշում.«Դու պետք է ավելի զգայական լինես: Ցույց ես տալիս միայն քո «սառը», կոնկրետ դատողություններ անող ու վերլուծող կողմը, բայց ներքուստ դու ամենանրբազգաց մարդն ես, որին ես երբևէ հանդիպել եմ: Թույլ տուր մարդկանց տեսնել քո ներսը»:
Մեր ներաշխարհները հեշտ էին իրար հետ լեզու գտնում՝ չնայած որ աշխատանքից դուրս չի ստացվել հաճախ շփվել: Բայց հոգեղեն այդ կապը հատկապես լավ է զգացվում իմ՝ Արցախին նվիրված համարի խմբագրականում, որովհետև այն գրելիս ես բարձրաձայնում էի միտքս, իսկ Մհերը շարունակում էր այն՝ կարծես սարերի պես արձագանքելով:
Մենք՝ ես ու մեր թիմը, շատ բան ենք սովորել Մհերից: Նա հղկել է մեր մտքերն ու գաղափարները, խմբագրել ոչ միայն հոդվածները, այլև՝ մտածելակերպը, առօրյան:
Իր փաստերով բանավիճելու ու քննարկելու բնավորությունն էր հենց նրան հրաշալի ընկեր ու խմբագիր դարձնում: Քննարկման մեջ են ծնվում լավագույն գաղափարները, և հենց քննարկումն ու անընդհատ փնտրտուքն է դարձնում մեզ ավելի կիրթ ու զարգացած: Եվ այս հարցում նույնպես մենք համակարծիք էինք. ուզում էինք, որ մեր ընթերցողը պրակտիկ մտածի, կաղապարներից դուրս զգա, և մենք այդ գործում փոքրիկ օգնություն լինենք նրա համար:
Մեր թիմի մեջ նա արմատավորեց նաև անկեղծությունը, աշխատասիրությունը, քննարկելու սովորությունը՝ արմատներ, որոնք ես շատ եմ կարևորում: Իր մահից 24 ժամ անց անգամ ես չեմ կարողանում հավատալ դրան, չեմ պատկերացնում «Ճամփորդն» առանց նրա: Ես կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Մհերի հյուսած արմատները ծաղկեն մեր թիմում ու էլ ավելի ամրանան:
Խնդրեցի Մհերից ինձ ճշմարտությունը պատմել, երբ նա վերջերս Գերմանիայում բժշկական ստուգումներ էր անցնում: Նա միշտ հորդորում էր ինձ չանհանգստանալ: Պետք է ծիծաղել մահվան երեսին, քանի որ այլընտրանք չունենք: Այս շաբաթ էլ զանգեցի և կրկին հարցրեցի. «Ինչպե՞ս ես», «Կարո՞ղ եմ օգնել»: Նրա վերջին խոսքերն էին. «Արիաննա ջան, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»: Նա միշտ այդպես էր ասում, այդպիսի մարդ էր Մհերը՝ նվիրված մարդ, ով սիրում էր իր գործը:
Կարող եմ անվերջ պատմել իմ ու Մհերի հանդիպումների մասին, սակայն թերթի սահմանները խեղդում են ինձ այնպես, ինչպես արցունքներս են խեղդում կոկորդս հիմա: Ես այնքան շատ բաների համար եմ շնորհակալ: Անչափ կկարոտեմ մեր մի քանի ժամ տևող զրույցները, քննարկումները, անգամ աշխատանքային անհամաձայնությունները:
Նա այն եզակի մարդկանցից էր, որը աչքերով միայն բացատրում էր իր սրտի ասելիքը այնքան լավ, որ երբեմն բառեր էլ հարկավոր չէին: Կրկնվեմ. նա ստիպեց ինձ ու «Ճամփորդին» հավատալ մեզ: Մեր թիմը շատ է կարոտելու քեզ, Մհեր ջան:
Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 1-ին, ժամը 12-ին, նույն վայրից:
Արիանա