image

Անահիտ Հովսեփյան. Բունդեսթագը հաստատեց այն, ինչը վաղուց գիտեր

Անահիտ Հովսեփյան. Բունդեսթագը հաստատեց այն, ինչը վաղուց գիտեր

Գերմանիան փրկեց Թուրքիայի սպառնալիքների դիմաց իր արժանապատվությունը

 

Հունիսի 2-ին ժամը 12 անց 33-ին սկսված բաց քվեարկությամբ Բունդեսթագը 1 դեմ, 1 ձեռնպահ, ինչպես Բունդեսթագի նախագահը որակեց` «նշանակալից մեծամասնությամբ» կողմ քվեարկեց Հայոց եւ Թուրքիայում քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության` կոալիցիայի եւ Կանաչների ընդհանրական բանաձեւին: Քննարկումը սկսվեց 11 անց 23-ին, ելույթ ունեցան 9 բանախոսներՙ բանաձեւը սատարելու նույն բովանդակությամբ` վճռորոշ հաստատակամությամբ, որ դրանով նախ` պատմական ճշմարտությունն են հաստատում, առանց այսօրվա Թուրքիային մեղադրյալի աթոռին գամելու ենթադրյալ ցանկության, ապա` սեփական փորձառությունից ելնելով ասում են`առերեսվի՛ր, «անցյալի համար պատասխանատու չես, բայց ապագայի համար ես պատասխանատու»: Հուշում են, որ դա է երկու ժողովուրդների՝ հայերի եւ թուրքերի հաշտության ճանապարհը: Հայերի, հույների, ասորիների զոհերի ժառանգների` որդիների ու թոռների զգալի ներկայությունը Բունդեսթագի այցելուների համար նախատեսված 3 օթյակներում հաստատում էր՝ 101 տարի անց էլ արդարության սպասելիք ունեն, պատմված հիշողության կրող են ու սկսել են մի պայքար, որ չի վերջանում: Գերմանիայում այն նոր է սկսվում:

Երեկվա նիստի համարյա միաձայն քվեարկությունը կանխատեսելի չէր դեռեւս մեկ տարի առաջ, նույնիսկ վերջին շաբաթներին, բայց այն ուղեգծվել էր 2015- ի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում, այնուհետ հաջորդ օրը Բունդեսթագում: Կոտրվեց տաբուն նաեւ Գերմանիայում: Գերմանիայի Դաշնային նախագահը, այնուհետ Բունդեսթագի նախագահը հստակ խոսեցին, գծեցին այսօրվա բառապաշարով՝ ճանապարհի քարտեզը: Բունդեսթագը երեկ վճռորոշ քայլն արեց: Հայտարարությո՞ւն է սա, թե՞ օրենսդիր մարմնի երկու ընթերցում անցած ուժ ունեցող բանաձեւ, կքննեն առաջիկայում մասնագետները, բայց սա մի փաստաթուղթ է, որին անհավատալի երկար էին սպասում Հայաստանում, Սփյուռքում, նաեւ՝ Գերմանիայում, Թուրքիայում, ինչու չէ՝ նաեւ Իսրայելում:

Գրիգորի Գիզին քննադատեց իհարկե կանցլեր Մերկելի, արտգործնախարար Շթայնմայերի, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի բացակայությունը, բայց այն, ինչ կատարվեց երեկ Բունդեսթագի բաց քվեարկությունից հետո, նվազեցնում էր նրանց՝ հանրության հանդեպ ոչ ուղղագիծ վերաբերմունքը:

Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում ծափահություններ լսվեցին, թուրքերի ձայնը չէր լսվում, կողքիս նստած լրագրողական նստարանին նրանց դեմքերն առանձնացրել էի, բայց շատ լուռ էին, նաեւ դեմքի արտահայտությունն էր հանգիստ: Պատրաստ էին լսել... երեւի: Ես արտասվախառն աչքերով շատերին տեսա, բայց Խարբերդում ծնված 80-ամյա Պայծառ Հովհաննիսյանը , որի Թումաս ազգանունն էլ ցեղասպանության կնիքն է, բարձրաձայն լաց էր լինում: «Գո՞հ եք», հարցրեցի: «Դուք չեք գիտեր թուրքերը մեզի ինչ ըրին, ա՛յս օրվան կսպասեի»:

Հայր Սերովբե Իսախանյանը մեր նույն հարցին այսպես պատասխանեց՝ սպասված նվազագույնի առավելագույնն է: ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բունդեսթագի մատուռում հավաքված հայերին այսպես դիմեց՝ այսօր մեզ համար կարեւոր, պատմական օր է:Պատգամավորների պատգամը հաշտեցումն էր: Դրա ամենակարճ ճանապարհը ճանաչումն է: Այն, ինչ եղավ այսօր Գերմանիայի խորհրդարանում, պիտի Թուրքիայում էլ լինի:

 

 

 

Անահիտ Հովսեփյան, «Ազգ»/Բեռլին