image

Մենք կարող էինք առաջ գնալ և ծնկի բերել ողջ Ադրբեջանը. Վլադիմիր Դոլուխանյան

Մենք կարող էինք առաջ գնալ և ծնկի բերել ողջ Ադրբեջանը. Վլադիմիր Դոլուխանյան

Այսօր Ստեփանակերտում մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու էին եկել հարյուրավոր զինվորներ, կամավորականներ, Արցախի ու Հայաստանի տարբեր վայրերից եկած մարդիկ, որոնք արցախցիների հետ միասին տոնում էին մայիսյան հաղթանակները, միաժամանակ հիշում ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած պատերազմի հերոսներին: «Արևելքի» հետ զրույցում արցախցի երիտասարդ քաղաքական գործիչ Վլադիմիր Դոլուխանյանը («Ազգային վերածնունդ») նշեց, որ Արցախում բոլորի ոգին շատ բարձր է, և ապրիլյան դեպքերը չեն ազդել հայ զինվորի ոգու և կամքի վրա:

«Եռատոնը նշանակալի օր է մեր օրացույցում: Շատերիս մեջ դեռ թարմ են ապրիլյան պատերազմի իրականությունը, մեր տղաների հաղթական կերպարը, ինչպես նաև՝ մեր կորուստների բերած վիշտը... Իմ կարծիքով՝  այս տարվա մայիսի 9-ը  խիստ տարբերվում է անցյալ տարիների մայիսի իններից, քանի որ անցնող տարիների ընթացում մենք  հիշում էինք  Շուշիի ազատագրության, արցախյան և հայրենական պատերազմների կորուստներն ու հաղթանակները, բայց այս անգամ մարդկանց մոտ  շատ թարմ է մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած պատերազմի հիշողությունը: Ես կարծում եմ, որ սա էլ ենք հաղթահարելու և շարունակելու ենք  մեր ճանապարհը, կերտելու ենք մեր երազած Հայաստանը»,-մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Դոլուխանյանը:

Մեր այն հարցին, թե սպասելի՞ էին ապրիլյան դեպքերը, նա պատասխանեց. «Կոնկրետ ինձ համար սպասելի էին, քանի որ պարզ տրամաբանություն էր գործում, որի հետ պետք էր հաշվի նստել: Եթե Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում, որի արժեքը նույնիսկ Հայաստանի բյուջեն է գերազանցում, ապա  պարզ պետք է դառնար, որ  այն  կիրառվելու էր ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ուրիշ երկրի դեմ, այլ ակնհայտ էր, որ այդ զենքը  նա կիրառելու էր մի երկրի դեմ, որի հետ  ունի տարածքային վեճեր և սառեցված հակամարտություն: Իսկ սառեցված հակամարտությունները սովորություն ունեն թեժանալու: Անձամբ ես սպասում էի, շատերն էին սպասում, բայց կարծես ռազմա-քաղաքական հրամանատարությունը մի քիչ չէր սպասում, ինչը մեր սխալն էր, որի պատճառով էլ  հարձակման առաջին պահին մի քիչ անպատրաստ էինք:  Բայց, փառք մեր ժողովրդին, մեր զինվորներին,  որ համախմբվածության ու սառը դատողության շնորհիվ կարողացան դիմագրավել»:  

Վլադիմիր Դոլուխանյանի խոսքերով, հայ ժողովրդի բոլոր հարցերի լուծման ճանապարհը միայն հզորանալն ու համախմբվելն է: Ապրիլյան համախմբվածությունը, ըստ նրա, ցույց տվեց, որ մեր ժողովուրդն ունակ է համախմբվելու, վտանգի պահին մեկ ուժ դառնալու և հաղթելու, և խորհուրդ տվեց այդ կամքը դրսևորել նաև խաղաղ պայմաններում, չսպասել, մինչև վտանգ լինի ու նոր միայն միավորվել և կանգնել դժվար վիճակում հայտնվածի կողքին: 

Խոսելով փոխզիջումների մասին՝ արցախցի գործիչն այդ առթով անդրադարձավ 1994-ի հրադադարին, ասելով.

«Մեր ամենամեծ փոխզիջումը 1994-ի զինադադարն էր: Ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմել են  այդ տարիներին, միանշանակ ասում են, որ մեզ կանգնեցրել են: Մենք կարող էինք առաջ գնալ և ծնկի բերել ողջ Ադրբեջանը:  Այսինքն մեր ամենամեծ փոխզիջումն այն էր, որ հայկական կողմը համաձայնվել է այդ հրադադարին, ինչի պատճառով մինչև այսօր զինվորներ են զոհվում, ինչի պատճառով  էլ ապրիլյան պատերազմը սկսեց: Եթե այդ հրադադարը չլիներ, մենք առաջ կգնայինք, լիովին կհաղթանակեինք, և այսօր նրանք թե՛ Բաքվում թե՛ Անկարայում  չէին  հոխորտա,  թե իրենցն է այս հողերը:  Մենք ուժեղ ենք ռազմի դաշտում, բայց ցավոք ոչ՝ դիվանագիտության մեջ»:

Վլադիմիր Դոլուխանյանը վստահ է՝ արցախյան պատերազմը մի օր ավարտվելու է և այն էլ՝ հայերի հաղթանակով:

«Մարդիկ իրենց տունն են շինելու այս հողում եւ խաղաղ ապրելու են: Մենք ցույց ենք տալու մեր ուժը՝ չարտագաղթելով, տնտեսություն զարգացնելով: Պետք է միայն հստակ ազգային ռազմավարություն մշակվի և Արցախի ու Հայաստանի զարգացումը դրվի այդ ռազմավարության հիմքում: Մենք տարբերվելու ենք  մնացած սերունդներից, և սա էլ լինելու է մեր սերնդի հաղթանակը»,-վստահ է Վլադիմիր Դոլուխանյանը: