Մենք կը գտնուինք Արեւմուտքի ու Արեւելքի հատման կէտին, բայց աշխարհագրութեամբ մենք աւելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին մօտ ենք, դեռ չեմ ըսեր որպէս յետխորհրդային երկիր համարկուած եղած ենք ե՛ւ պաշտպանական, ե՛ւ մնացած բոլոր խնդիրներուն, յատկապէս սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ 21 սեպտեմբերին, «Եռաբլուր» պանթէոնին մէջ լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեան՝ անդրադառնալով ՀԱՊԿ-էն դուրս գալու տրամադրութիւններուն:
«Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել յատկապէս այդ ռազմաքաղաքական կառոյցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղութեամբ: Գոնէ երեք ուղղութիւններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիւ արձագանգման հաւաքական ուժերի ձեւաւորման մէջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձեւաւորման մէջ, եւ երրորդը ռազմական կոմիտէն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխւոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկութեամբ է ստեղծուել ռազմական կոմիտէն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանութեան ժամանակ լուրջ աշխատանք է կատարուել»,-ըսած է ան:
Սէյրան Օհանեան նկատած է, որ իւրաքանչիւր կազմակերպութիւն ալ ունի եւ առաջատար կողմեր, եւ թերութիւններ. «Նոյն թերութիւններն ունի նաեւ ՆԱԹՕ-ն: Այդ կառոյցում էլ կան երկրներ, որ հակամարտութեան մէջ են, օրինակ, Թուրքիան եւ Յունաստանը: Եթէ ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերութիւններ, ինչի՞ համար ենք մենք ուրախանում դրանից: Ի՞նչ են այսօրուայ իշխանութիւններն արել ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերն ամրապնդելու, ԱՀՊԿ-ն ամրապնդելու համար, էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ մեր գլխաւոր քարտուղարին փորձել են ազատազրկել: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար մեր երկիրն էլ պէտք է իր ներդրումն ունենայ:
Մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանութիւնները, ներսում պէտք է որոշում ընդունէին, մոպիլիզացնէին (զօրաշարժէին) երկիրը, բանակին թիկունք կանգնէին: Տպաւորութիւն է ստացւում, որ այսօրուայ իշխանութիւնները նիրհում են իրենց բազկաթոռներին, օթեակներում, դափնիների վրայ, ուրիշնմերին ասում են՝ եկէք մեր երկիրը պաշտպանէք: Ոչ մի այլ երկրի զինուոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի»,-ըսած է ընդդիմադիր գործիչը: