Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արամ Թորոսեան յայտնած է, որ 15:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ատրպէյճանական սահմանագծին ծայրայեղ լարուած է:
«13:00-ից սկսած՝ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիւ (բուռն) հրթիռահրետանային հարուածները՝ թիրախաւորելով նաեւ խաղաղ բնակավայրերը եւ լայնօրէն կիրառելով հարուածային ԱԹՍ-ներ:
Հարուածներ են հասցուել նաեւ մարտական գործողութիւնների գօտում հումանիտար (մարդասիրական) առաքելութիւն իրականացնող ՌԴ Անվտանգութեան դաշնային ծառայութեան տրանսպորտային (փոխադրային) միջոցներին: Սա հերթական վկայութիւնն է, որ չնայած պաշտօնական Պաքուի յայտարարութիւններին՝ ատրպէյճանական զինուժը տարբերութիւն չի դնում թիրախների միջեւ։
Հրթիռահրետանային հարուածներին զուգահեռ՝ ատրպէյճանական ստորաբաժանումները վերսկսել են նաեւ դիրքային առաջխաղացման փորձերը»,-ըսած է Արամ Թորոսեան: