image

Փաշինեան ընդունեց, որ տարբեր ձեւերով կը միջամտէ, որ զեղջուի Կաթողիկոսին անունը

Փաշինեան  ընդունեց, որ տարբեր ձեւերով կը միջամտէ, որ զեղջուի Կաթողիկոսին անունը

Ես կ՚երթամ այն պատարագներուն, ուր Կտրիճ Ներսիսեանի անունը չի հնչեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբեր 4–ին, Կառավարութեան նիստէն ետք լրագրողներու հետ ճեպազրոյցին նշած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով  տէր Ռուբէն քահանայի ահազանգին, որ ըսած էր՝ ԱԱԾ-ն գացած է իր մօտ եւ առաջարկած է, որ պատարագի ժամանակ, որ հաւանաբար տեղի պիտի ունենայ յառաջիկայ կիրակի օրը, Վեհաբառի անունը չհնչեցնէ։

«Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել պատարագին, մենք խնդրում ենք, որպէսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսեանը կաթողիկոս չէ, հաշուի առնուի։ Մի դէպքում կարող է ծանօթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, միւս դէպքում կարող է որեւէ տեղ աշխատող չլինել, երրորդ դէպքում կարող է ծանօթ լինել, չորրորդ դէպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դէպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դէպքում կարող է վեցերորդ մարդ լինել։ Դա կախուած է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ միւս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որեւէ մէկը որեւէ մէկին ճանաչում է։ Այնպէս չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփւում, բազմաթիւ յայտնի եւ ոչ այդքան յայտնի առիթներ կան, որ շփւում են։ Այնպէս որ շատ մի նեղուէք այդ փաստերից»,–յայտարարած է Փաշինեանը։

Ան աւելցուցած է. «Այնտեղ, որտեղ ես մտադրութիւն ունեմ գնալ պատարագի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը եւ պետական պահպանութեան ենթակայ ցանկացած անձ, եթէ ես որեւէ եկեղեցի պէտք է գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարւում է պետական պահպանութեան ենթակայ օբյեկտ եւ այնտեղ իրականացւում են գործողութիւններ, այդ թւում եկեղեցում իրականացւում են անվտանգութեան գործողութիւններ, արւում են վերլուծութիւններ մարդկանց մօտեցումների, իրենց հայեացքների, ծայրայեղ կամ ոչ ծայրայեղ հայեացքների անվտանգութիւն ապահովելու համար։ Ոչ մի նորութիւն այստեղ չկայ։

Ես իմ անվտանգութեան հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետութեան անվտանգութեան հարցը եւ այդ թւում այն քաղաքացիների, որոնք կարող են էդ պահին գտնուել այդտեղ։ Նախ վարչապետի եւ պետական պահպանութեան ենթակայ անձանց անվտանգութիւնը ապահովելը օրէնքով սահմանուած պարտաւորութիւն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, իսկ անվտանգութեան մի քանի, այդ թւում բովանդակային ապահովութեան շերտեր կան»։

Ճշդող հարցին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելն ինչո՞վ կը սպառնայ ձեր անվտանգութեան, Փաշինեանը պատասխանած է. «Որովհետեւ Կտրիճ Ներսիսեանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգութեան համար»։