image

Մխիթար Սեբաստացու սրբադասման փաթեթն ուղարկվել է Սուրբ Աթոռ

Մխիթար Սեբաստացու սրբադասման փաթեթն ուղարկվել է Սուրբ Աթոռ

Մխիթարյան հայրերի հրավերով օրերս Սուրբ Ղազար կղզի էր մեկնել Սուրբ Աթոռում դեսպան Կարեն Նազարյանը` մասնակցելու Մխիթար Աբբահոր երանացման եւ սրբադասման դատի թեմական ատյանի դատաքննության արարողությանը, տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:

Ս.Ղազար մայրավանքում կայացած միջոցառումը նախագահում էր Վետենտիկի պատրիարք գերպ․ Տ. Ֆրանչեսկո Մորալիան` Մխիթարյան հայրերի, Վենետիկի քաղաքապետարանի, հայ առաքելական, կաթողիկե Ս․ եկեղեցիների, հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների եւ ՀՀ պատվավոր հյուպատոսի ներկայությամբ։ 

Թեմական ատյանը որոշում կայացրեց Մխիթար Սեբաստացու սրբադասման փաթեթն ուղարկել Սուրբ Աթոռի համապատասխան հանձնաժողովին՝ հաջորդ փուլի քննարկումների համար։

 

Նշենք, որ դեռեւս 1941թ․ Հռոմի Պապին ուղղված իր նամակով կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանն առաջինն էր, որ Մխիթար Սեբաստացուն ներկայացրեց Վատիկանի սրբադասման դատին։

Հատկանշական է, որ Մխիթարյանների ուսումնասիրությունները, մասնավորապես պատմագիտության, պատմական աշխարհագրության, տեղագրության, հնագիտության քերականության, երաժշտության եւ այլ բնագավառներում սկզբնավորվել էին Մխիթար Սեբաստացիով ու շարունակվել Միքայել Չամչյանով, Ղուկաս Ինճիճյանով, Ստեփանոս Գիվեր Ագոնցով եւ Մկրտիչ Ավգերյանով, իրենց լրումին հասել Ղեւոնդ Ալիշանի գիտական գործերով: Համաշխարհային մարտահրավերների այսօրվա պայմաններում Մխիթարյան հայրերի թողած ժառանգությունը ուղենիշ է աշխարհասփյուռ հայության համար՝ ամուր կապված մնալու իրենց արմատներին։

Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի տարբեր պահոցներում սրբությամբ պահպանվում են Մխիթարյանների մասունքները՝ ձեռագրերը, շքեղ եւ ոսկեզօծ կազմերով գործերը, այդ թվում նաեւ ինքնագիր ընծայականները: Մխիթարյան հայրերի երազանքն էր Հայոց պետականության վերականգնումը: