image
Հրատապ լուրեր:

Մարդիկ հակուած են լքելու «Վերին Շորժա» եւ «Ներքին Շորժա» գիւղերը. Ելետրական հոսանքի չգոյութիւնն է պատճառը

Մարդիկ հակուած են լքելու «Վերին Շորժա» եւ «Ներքին Շորժա» գիւղերը. Ելետրական հոսանքի չգոյութիւնն է պատճառը

Իրաւունքի եւ արդարութեան «Թաթոյեան» հիմնադրամը ներկայացուցած է փաստահաւաք տուեալներ, որոնք կը ներկայացնենք ստորեւ.

«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուած ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինուած յարձակման հետեւանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գիւղերում քաղաքացիական կեանք այլեւս չկայ, սարատեղիներն ամբողջութեամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողութեան ներքոյ, իսկ գիւղերը դատարկուել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագոյն խնդիրներ կամ ջուր չկայ առհասարակ:

Այս փաստերն արձանագրուել են Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահաւաք աշխատանքների ժամանակ։

Մասնաւորապէս, Վերին Շորժայի սարատեղիի հատուածում, ադրբեջանական զինուած ծառայողները ներխուժել էին դեռեւս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայուել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գիւղի ուղղութեամբ, ահաբեկել են անասնապահութեամբ զբաղուող բնակիչներին, զբաղուել անասնագողութեամբ, արօտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրաւազանների ու բնական աղբիւրների՝ մարդկանց զրկելով ջրից եւ այլն։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետեւանքով առաջ են եկել անվտանգութեան լրջագոյն խնդիրներ նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գիւղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գիւղերի համար ջրային աւազաններն ու ջրի բնական աղբիւրները յայտնուել են ադրբեջանական վերահսկողութեան կամ դիտարկման ներքոյ 2021թ. մայիսից ու առաւել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից յետոյ. գիւղերում ջրի հասանելիութեան լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկայ առհասարակ:

Լուսանկարներում այն դիրքերն են, որոնք արձանագրել է հիմնադրամը փաստահաւաք աշխատանքների ընթացքում:

Ջրի քանակի կտրուկ նուազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող Հիդրոէլեկտրակայանն (ՀԷԿ) այլեւս չի գործում։

Նման յատուկ փաստահաւաք աշխատանքներ իրականացուել են նաեւ 2022թ. հոկտեմբերին Սիւնիքի մարզում միջազգային փաստաբաններ Գառնիկ Քերքոնեանի եւ Կարօ Ղազարեանի մասնակցութեամբ:

Ներկայում կազմւում է անգլերէնով զեկոյց այս հարցերի առնչութեամբ`յատուկ մեթոդաբանութեամբ»: