Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնել է Սաուդյան Արաբիայի Դհահրան քաղաք, տեղեկանում ենք նվագախմբից։
Ithra թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ կներկայացնեն Game on համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։
Այնուհետև նվագախումբը կմեկնի Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատ։ Մասկատի Արքայական օպերային թատրոնում նվագախումբն ապրիլի 10-ին և 11-ին հանդես կգա երկու համերգով՝ ներկայացնելով «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հանրահայտ ֆիլմի երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։ Այս համերգները նույնպես կուղեկցվեն տեսանյութերով։
Բոլոր համերգների տոմսերը վաղուց սպառվել են։
Ապրիլի 22-28-ն էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում ելույթ կունենա Classical Violin Olympus միջազգային մրցույթում։