image

ՀԱՊԿ-ին բազում հարցեր, բայց ոչ մէկ պատասխան. Արմէն Գրիգորեան

ՀԱՊԿ-ին բազում հարցեր, բայց ոչ մէկ պատասխան. Արմէն Գրիգորեան

Հայաստանը բազմաթիւ հարցեր ունի ՀԱՊԿ-ին ուղղուած, որոնց պատասխանները չի ստանար։ Սա է պատճառը, որ մենք չենք մասնակցիր ՀԱՊԿ-ի միջոցառումներուն։ Այս մասին Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը՝ անդրադառնալով հարցին, թէ եթէ հայկական կողմը չի մասնակցիր ՀԱՊԿ-ի նիստերուն, ապա ինչու ՀՀ-ն դուրս չի գար այդ կառոյցէն։

«2020 թուականից յետոյ, երբ ասում էին ԼՂ-ն ՀՀ-ի սուվերէն տարածքի մաս չի, մենք չենք կարող այդ հարցերով զբաղուել, 2021 թուականի մայիսից, երբ ադրբեջանական զօրքերը ներխուժել են Հայաստանի սուվերէն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այդ պահից սկսած մինչեւ նախորդ տարուայ սեպտեմբերը, երբ Ադրբեջանը կրկին յարձակուել է Հայաստանի վրայ եւ մենք ՀԱՊԿ-ից օգնութիւն ենք խնդրել, մենք չենք ստացել անհրաժեշտ օգնութիւնը մեր սուվերէն տարածքը պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած մենք բազմաթիւ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին եւ մինչ այժմ չունենք այդ հարցերի պատասխանը։ Եւ նաեւ սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում», -ըսած է անվտանգութեան խորհուրդի քարտուղարը։

Դիտարկման՝ արդեօք չմասնակցելու պարագային կը ստանան այդ հարցերու պատասխանները, Արմէն Գրիգորեանն արձագանգած է, որ երթալով միանշանակ չեն ստանար։

Հարցին՝ արդեօք սա «դեմարշ» է, ան բացասական պատասխանած է, նշելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է եւ կառոյցէն դուրս գալու հարց օրակարգի վրայ չկայ։

«Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապուած եւ ակնկալում ենք, որ այդ հարցերի պատասխանները մեր գործընկերները կը տան։ Սա է պատճառը։ Մենք այս հարցերը տալու առիթն ունեցել ենք, միայն այդ ձեւաչափը չէ, որն այդ հարցերը քննարկելու հնարաւորութիւն է տալիս։ Մենք հրապարակային խօսել ենք եւ ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապուած հարցերի պատասխաններ։ Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում որեւէ միջոցառման», - շեշտած է Արմէն Գրիգորեանը։

Հարցին՝ եթէ ՀՀ-ն չի մասնակցիր ՀԱՊԿ-ի աշխատանքներուն, ապա ինչու դուրս չի գար կառոյցէն, անվտանգութեան խորհուրդի քարտուղարը նշած է․ «Մենք կարծում ենք, որ սա լաւագոյն տարբերակն է շարունակելու մեր քաղաքականութիւնը։ Ի դէպ, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը որեւէ կերպ չի կաշկանդում մեր միւս յարաբերութիւնները կառուցելու մասով։ Քանի որ այս մասով հարց չկայ, մենք դրան չենք անդրադառնում»։