Այս պահուն Նոյեմբեր 9-ին հանդիպում կայացնելու որեւէ պայմանաւորուածութիւն չկա, Առաջին ալիքի «Հարցազրոյց» հաղորդման ընթացքին ըսաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«ԱԺ-Կառավարութիւն նախորդ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ արտգործնախարարն ասաց, որ կան բազմաթիւ առաջարկներ եւ գաղափարներ։ Մենք ընդհանրապէս ասել ենք, որ մենք դէմ չենք հանդիպումներին, բայց շատ կարեւոր է այդ հանդիպումների կոնտեքստը, սիմվոլիկան, այդ յայտարարութիւններից ակնկալուող պոտենցիալ արդիւնքը։
Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդիւնք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարուի։ Բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք։ Կոնկրետ Նոյեմբերի 9-ի հետ կապուած կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանաւորուածութիւն չկայ», ըսաւ Նիկոլ Փաշինեանը։
Անդրադառնալով հարցին, թէ Էրտողանը յայտարարել է, որ իր եւ Ալիեւի միջեւ քննարկում է տեղի ունեցել՝ վարչապետն ասաց, որ Ատրպէյճանի հետ ուղիղ շփումների մասին հանրութիւնը տեղեակ է, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով։
«Ոչ, ի հարկէ, չի եղել, թերեւս, ինչի մասին կարող լինել խօսքը։ Այս ընթացքում, գիտէք, որ դիւանագիտական առաքելութիւններ ենք ընդունում, նաեւ տեղի են ունեցել յայտնի շփումներ Հայաստանի ու Ատրպէյճանի պաշտօնեաների միջեւ, մասնաւորապէս, Նիւ Եորքում ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կայ, որը պարբերաբար հանդիպումների մէջ է։ Դրանից բացի, դիւանագիտական օտարերկրեայ առաքելութիւններ են ժամանում Երեւան, Պաքու, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, եւ խօսակցութիւն, որպէս այդպիսին, միջնորդաւորուած միշտ էլ տեղի է ունեցել, միշտ էլ տեղի է ունենում։ Այստեղ որեւէ անակնկալներ չկան։ Ուղիղ շփումներ, որոնք տեղի են ունեցել, հանրութիւնը գիտի, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով», յաւելեց Նիկոլ Փաշինեանը։