Ցեղասպանութեան ժխտումը կամ ուրացումը, կամ հերքումը ՀՀ-ի մէջ քրէական յանցագործութիւն է, Քրէական օրէնսգիրքով նախատեսուած արարք: Ցեղասպանութեան փաստը անքննելի է եւ անժխտելի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Ընդհանրապէս զարմանալ կարելի է, թէ ինչպէս որեւէ մէկին կարելի է մեղադրել Ցեղասպանութիւնը ուրանալու մէջ, երբ որ նա երեւոյթի մասին խօսելիս ասում է՝ Ցեղասպանութիւն, ոչ թէ ուրիշ բաներ է օգտագործում նկարագրելու համար»,-ըսած է վարչապետը՝ նշելով, թէ խօսքն այլ բանի մասին է:
«Հետեւեալի մասին է, որ Ցեղասպանութիւնը արդեօք մեզ չպէ՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին: Մենք իրողութիւնները դարասկզբին էլ, դարի կէսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է մենք չափից աւելի մեծ յոյս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին, կարո՞ղ է լաւ չենք հաշուարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր, այս հարցը հրատապ է եղել դարասկզբին: Ընդ որում՝ ես պատասխան չունեմ: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ռեֆլեքսիան շատ կարեւոր բան է, որ մենք վերադառնանք, եւ մեր բանաձեւերին նորից անդրադառնանք: Մենք անընդհատ խօսում ենք ու ճիշդ ենք անում, պիտի խօսենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականութեան մէջ, օրինակ, ընկալուած է երիտթուրքերի եւ ՀՅԴ յարաբերութիւնների հարցը: Ընդ որում՝ երբ որ սա մենք քաղաքականացնում ենք եւ փորձում ենք օգտագործել գործիք այսօրուայ ՀՅԴ-ին քննադատելու համար, ամբողջ թեման փոխւում է, լրիւ դառնում է ուրիշ բան, էլի դառնում է նախկին-ներկայ խօսակցութիւն,- ըսած է վարչապետը եւ աւելցուցած,- ես այսօրուայ միջազգային իրադարձութիւնների հետ կապուած երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչագործական այնպիսի մեկնաբանութիւններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզուի՝ Խրիմեան Հայրիկի ժամանակներից միջազգային յարաբերութիւնների եւ աշխարհի մեր ընկալումները չեն փոխուել: Ա՛յ սա է այն խնդիրը, որը մեր մէջ է»:
Վարչապետը նշած է. «Ես ոչ միայն ձուածեղ եմ սարքում, այլեւ անընդհատ կարդում եմ Հայոց պատմութիւն, եւ եթէ պէտք է առաւօտեան ոչ թէ 5-ին, այլ 4-ին արթնանալ կամ մի ժամ ուշ քնել եւ մի ժամ տրամադրել դրան, որ յանկարծ խօսակցութիւն չգայ, որ գործը թողած՝ զբաղուած է Հայոց պատմութիւն կարդալով»:
Վարչապետն ընդգծած է, որ մեր հարցերուն պէտք է պատասխանել այնպէս, որ բանաձեւը լուծուի հետեւեալ կերպ. «ՀՀ յարատեւութիւնը իր միջազգային ճանաչուած տարածքով ոչ միայն հնարաւոր է, այլեւ անխուսափելի է եւ այդպէս էլ լինելու է»: