image

Արցախի Ազգային Ժողովէն կոչ Մինսքեան խումբին

Արցախի Ազգային Ժողովէն  կոչ Մինսքեան խումբին

Արցախի Ազգային Ժողովը հանդէս եկած է յայտարարութեամբ, որ կը ներկայացնենք ստորեւ.

«35 տարի առաջ՝ 1988 թուականի փետրուարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտայայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնութեան  կամքն ու ցանկութիւնը, պատմական որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան կազմից դուրս գալու եւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան վերամիաւորուելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Միութեան գործող սահմանադրութեանը եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին: Փետրուարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման եւ նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրութեան կողմից դաւանուող իրաւական նորմերով:

1988 թուականի իրադարձութիւնները զօրաշարժի ենթարկեցին համայն հայութեանը: Սեփական հայրենիքում արժանապատիւ ու ազատ ապրելու եւ ազգային պետականութիւն ունենալու շարժումը համահայկական բնոյթ ստացաւ: Արցախը դարձաւ համազգային զարթօնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդիւնքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականութիւն ունենալու իրաւունքը:

1988 թուականի փետրուարի 20-ի անկիւնաքարային նշանակութեան որոշմանը յաջորդեց 1991 թուականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նոյն թուականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէի միջոցով, միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման գործընթացը:

35 տարիների ընթացքում համահայկական տիրոյթում իրագործուած ազգային ամէն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձութիւններն էին:

Երեք ու կէս տասնամեակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիւ փորձութիւնների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայութեան կամքը:

ՊԱՅՔԱՐԸ պէտք է դառնայ մեր կեանքի բոլոր ասպարէզների կարգախօսը:

Արտայայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկութիւնները`Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝

կոչ է անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ, մասնաւորապէս Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ յայտարարութիւններից եւ յորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութիւնը:

դիմում է Սփիւռքի եւ ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատւութիւնը եւ լինելիութիւնը պաշտպանելու նպատակով համախմբել հայութեան ներուժը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծաւալապաշտական ու ագրեսիւ գործողութիւնները:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս ժողովրդի ձայնը ներկայացնող հաւաքական մարմին, հաւատարիմ է մարդու հիմնարար իրաւունքներին եւ, առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեան արժէքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրուած՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում յանուն հայրենիքի իրենց կեանքը նուիրաբերած հազարաւոր նահատակների յիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ յաղթական հանգրուանի հասնելու համար:

Համայն հայութեանը եւ Արցախի բարեկամներին շնորհաւորելով յիշարժան տօնի կապակցութեամբ, լիայոյս ենք, որ փետրուարեան զարթօնքը նոր լիցք կը դառնայ համազգային իղձերի իրականացման ճանապարհին»: