Անկլաւներու թեմային անդրադառնալն անխուսափելի է, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի 29 800 քառակուսի քիլոմեթրի մէջ կը մտնէ նաեւ Արծուաշէնը: Այդ մասին հոկտեմբեր 10-ին Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցին յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Անկլաւների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետեւ 29 800 քկմ մէջ մտնում է նաեւ Արծուաշէնը: ՀՀ ոչ մի իշխանութիւն եւ ներկայացուցիչ իրաւունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրայ։ Բայց այստեղ կայ մի նրբութիւն, ով էլ խօսի անկլաւների մասին, ապա պէտք է սեղանին դնի քարտէզ, թէ ինչով է հիմնաւորւում այդ անկլաւների գոյութիւնը»,-ըսած է ան։
Փաշինեանը նկատած է, որ անկլաւներու բարդ խնդրի քննարկման ընթացքին ի յայտ պիտի գան բազմաթիւ հարցեր, մասնաւորապէս, թէ ինչպէս պիտի իրականացուի անկլաւներու սահմաններու սահմանազատման, սահմաններու պաշտպանութիւնը, ինչպէս պիտի ապահովուի հասանալիութիւնը եւ ինչ լուծում պիտի տրուի անկլաւներու տարածքներուն մէջ զինուած ուժերու ներկայութեան հարցին։
Անդրադառնալով Ատրպէյճանի նախագահի՝ «ատրպէյճանական 8 անկլաւները» վերադարձնելու յայտարարութեան, Նիկոլ Փաշինեանը նշած է․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գիւղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գիւղերի խնդիր ունենք, քանի որ նոյն Տաւուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշէն, Պառաւաքար եւ այլ տարածքներում նոյնպէս»։
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն ըսած է, որ Մոսկուան եւ Երեւանը Հայաստանի մէջ ռուսական ռազմակայանի եւ ռուս սահմանապահներու ներկայութեան հիմքերու հետ կապուած որեւէ հարց չեն բարձրացներ:
Արձագանգելով լրագրողի այն դիտարկման, որ Ռուսիայէն «մեզ ուղղակի մեղադրում են, որ վեկտոր ենք փոխում եւ գնում ենք Արեւմուտք», Նիկոլ Փաշինեանն ըսած է.
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւններում ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել»:
«Ուզում եմ մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնութեան նախագահի եւ իմ առաջին հանդիպման մասին: 2018թ. Սոչիում մայիսին կամ յունիսի սկզբին մեր առաջին զրոյցի ժամանակ Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ տեղեակ է այն խօսակցութիւնների մասին, թէ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենութիւնն անընդհատ նսեմացնում է եւ այլն: Ինքը վերահաստատեց, որ անվերապահ յարգանք ունի Հայաստանի ինքնիշխանութեան եւ անկախութեան հանդէպ եւ մենք, ըստ էութեան, մեր յարաբերութիւնները կառուցում ենք հենց այդ առաջին խօսակցութեան ժամանակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների հիման վրայ:
Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտաւորութիւն չենք հրաժարուել կատարել, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց նաեւ մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք եւ խօսում ենք դրանց մասին», -ըսած է Նիկոլ Փաշինեանը:
«Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային 3+3 ֆորմատով հանդիպումներին»
Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային 3+3 ձեւաչափով հանդիպումներուն, նոյն հարցազրոյցին յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
Ան նշած է, որ այս ձեւաչափով առաջին հանդիպման որոշակի սկզբունքներու շուրջ պայմանաւորուածութիւն ձեռք բերուած է։
«Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը եւ, իմիջիայլոց, ասեմ, որ նաեւ կարեւորում ենք: Ինչո՞ւ ենք կարեւորում, որովհետեւ այնպէս չստացուի, եւ սա մեզ համար երբեմն կրկնուող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, եւ չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետեւ, այնուամենայնիւ, հասկանում ենք, ի հարկէ, միջազգային հանրութիւնը, մեր գործընկերութիւնը բոլոր գործընկերների հետ շատ կարեւոր է, բայց յանկարծ տպաւորութիւն չստեղծուի մեր տարածաշրջանում, թէ մենք մեր տարածաշրջանի երկրների եւ յարաբերութիւնների նկատմամբ ունենք, այսպէս ասած, քամահրական վերաբերմունք: Ոչ, ամենեւին այդպէս չէ, եւ ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականութեան նրբութիւններից մէկն այն է, որ կարեւորում ենք հենց տարածաշրջանային յարաբերութիւնները՝ դրանք դուրս չդնելով միջազգային յարաբերութիւնների ընդհանուր կոնտեքստից»,-ըսած է ան։
Փաշինեանը խօսքով՝ ժամանակին նաեւ ձեռք բերուած է պայմանաւորուածութիւն, որ 3+3 ձեւաչափի յաջորդ հանդիպումը տեղի պիտի ունենա Թեհրանի մէջ:
«Մենք պատրաստ ենք, ի հարկէ, դեռ պէտք է լրացուցիչ քննարկուի: Նախ՝ հանդիպումները գոնէ մինչեւ այս պահը տեղի են ունեցել արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաեւ պէտք է ճշգրտուի, թէ ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պէտք շարունակել խօսակցութիւնը»,- նշած է Նիկոլ Փաշինեանը։
Վարչապետը ընդգծած է, որ մինչեւ այս պահը չէ եղած դէպք, որ այդ ձեւաչափով քննարկումները յետաձգուին կամ տեղի չունենան հայկական կողմի պատճառով: