image

AMAA-ի Հանքավանի համալիրը պաշտոնապես բացվեց՝ «բոլորը մեկում» ձեւաչափով (Լուսանկարներ)

AMAA-ի Հանքավանի համալիրը պաշտոնապես բացվեց՝ «բոլորը մեկում» ձեւաչափով (Լուսանկարներ)

AMAA-ը պաշտոնապես բացել է իր հիմնովին վերակառուցված Հանքավանի բազմաֆունկցիոնալ համալիրը:

Շուրջ երկու տասնամյակ որպես հազարավոր երեխաների ամառային հանգստի եւ համակողմանի կրթության վայր հայտնի դարձած AMAA-ի Շողիկ ճամբարի տարածքում բացվել է նոր՝ «բոլորը մեկում» ձեւաչափով Camp Hankavan բազմաֆունկցիոնալ համալիրը:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ, ինչպես նաեւ AMAA-ի ԱՄՆ գրասենյակի ղեկավար կազմը եւ տնօրենների խորհրդի անդամները։

Բացման արարողությունը մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի եւ AMAA-ի ղեկավար կազմի համատեղ ժապավենի կտրման հանդիսավոր արարողությամբ: 

Camp Hankavan-ն իր մեջ ներառում է հյուրանոց, համաժողովների, համերգների, զբոսաշրջային եւ կորպորատիվ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար տարածք, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, բացօթյա ամֆիթատրոն, տաղավարներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Համալիրի տարածքը կազմում է շուրջ 60,000 քմ։

Հյուրերը շրջայց են կատարել համալիրի վերակառուցված տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ AMAA-ի Հայաստանի հինգ հիմնասյուներին նվիրված տաղավարներին, որտեղ ներկայացված են եղել՝ կրթական, սոցիալական, տնտեսական, առողջապահական եւ հոգեւոր-մշակութային ծրագրերը: 

Շրջայցից հետո մեկնարկել է օրվա պաշտոնական հատվածը:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ AMAA-ի ԱՄՆ եւ Հայաստանի գրասենյակների ղեկավարները: 

AMAA-ի Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրերին ներկայության համար եւ նշել, որ սա եղել է ու կլինի մի վայր, որտեղ «կյանքեր են փոխվում», ինչպես նաեւ առանձնահատուկ ընդգծել է աշխատակազմի, բարերարների ու ճարտարապետի ներդրումը ճամբարի վերափոխման եւ բարեկարգման աշխատանքներում։ 

Իր ելույթում կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսը շեշտել է, որ Հանքավանի ճամբարի վերաբացումն արտացոլում է AMAA-ի հարյուրամյա նվիրվածությունը Հայաստանին՝ ստեղծելով նոր վայր կրթական, համայնքային, մշակութային զարգացման համար։

AMAA-ի գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանն իր հերթին նշել է, որ հայրենիքի հանդեպ կազմակերպությունը մեծ պատասխանատվություն է զգում՝ զորացնելու ժողովրդի ապագան եւ նոր հնարավորություններ ստեղծելու գալիք սերունդների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն իր ելույթում կարեւորել է կազմակերպության բերած ավանդը երկրի զարգացման հարցում եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու AMAA-ը զուգահեռ են ընթանում առաջ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են երկրի համաչափ զարգացմանը եւ հավասար հնարավորությունների ստեղծմանը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ նշել է, որ ժամանակն ապացուցել է, որ AMAA-ը հանդիսանում է առանցքային գործընկեր ՀՀ կառավարության համար եւ անկախ կատարած աշխատանքի եւ իրականացված ծրագրերի ահռելի ծավալներին՝ ամենն անում է անաղմուկ։ 

Միջոցառման հյուրերը լքել են համալիրը դրական տպավորություններով եւ զարմանքով առ այն, թե ինչ ծավալի աշխատանք եւ ծրագրեր է իրականացնում AMAA-ն իր առաքելությամբ Հայաստանում: