Սեպտեմբեր 5-էն Ստեփանակերտ քաղաքին մէջ հացի վաճառքը պիտի իրականացուի կտրոններով, իսկ կտրոններու տրամադրման գործընթացը պիտի մեկնարկէ 4 սեպտեմբերէն։ Այդ մասին յայտնած են ԼՂ ընկերային զարգացման եւ գաղթի նախարարութենէն։
«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով եւ հանրային ծառայութիւնների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կէտեր, որոնք կը գործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշուի առնելով կտրոնների տրամադրման իւրաքանչիւր կէտի հասցէում լոյսերի հովհարային անջատման գրաֆիկը:
Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ իւրաքանչիւր ընտանիքից մէկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դէպքում՝ ծննդեան վկայական կամ անձնագիր) եւ հանրային ծառայութիւնների համարանիշները։
Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը եւ այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացուած են ստորեւ։
Քանի որ կտրոնները համարակալուած են, սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան կողմից իւրաքանչիւր օր կ'իրականացուի իրազեկում, թէ տուեալ եւ յաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացուելու հացի վաճառքը։
Հացի վաճառքի կէտերի վերաբերեալ տեղեկատւութիւնը կը հաղորդենք յաւելեալ։ Մէկ անձի հաշուով կը վաճառուի կէս հաց (մօտաւոր՝ 200 կրամ)»,- նշուած է հաղորդագրութեան մէջ։