«Ուզում եմ հասկանալ՝ երբ նման առաջարկութիւն են անում, փոխարէնը ի՞նչ են առաջարկում։ Տպաւորութիւն է, որ եթէ ընտրութիւնները չեղարկեն, Ատրպէյճանը զօրքերը ետ կը քաշի։ Իրավիճակը հետեւեալն է․ այս ամէնի պատճառը Նիկոլ Փաշինեանի կառավարութեան ապաշնորհութիւնն ու անկարողութիւնն է։ Եթէ Հայաստանի ինքնիշխանութիւնը կասկածի տակ դնելու պատճառը գործող իշխանութիւնն է, ապա պէտք է ազատուել այդ իշխանութիւնից։ Երբ մենք փողոցում էինք պայքարում, նոյն Էտմոն Մարուքեանը եւ մեր շատ այլ գործընկերներ ասում էին, որ միակ ելքը ընտրութիւններն են, հիմա մտել ենք ընտրութիւններ, ասում են չէ, ընտրութիւնն էլ ելք չէ, բա ո՞րն է ելքը։ Եթէ ընտրութիւն չի լինի, այս իշխանութիւնը փողոցով էլ չի գնում, ուրեմն պէտք է մնայ, դա՞ է իրենց ուզածը»,-ըսած է Սաղաթէլեանը։
ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ ընդգծած է, որ այլ քաղաքական գործիչներ ալ նման յայտարարութիւններ ըրած են, այնինչ երբ իրենք փողոցային պայքարի դուրս եկած էին, կը խօսէին ընտրութիւններու մասին, իսկ հիմա ընտրութիւններէն կը փորձեն խուսափիլ:
«Նաեւ կ'ուզեմ անդրադառնալ այլ գործիչների յայտարարութիւններին, որ ասում են՝ այս օրերին ի՞նչ ընտրութիւն, տեսել են, որ շանս չունեն, սկսել են ընտրութեան դէմ խօսել։ Իսկ այն ժամանակ, երբ մենք ասում էինք՝ ընտրութիւն պէտք չէ, եկէք, միացէք մեզ, փողոցով քշենք այս իշխանութեանը, նրանք պատրաստւում էին ընտրութիւններին»,- աւելցուցած է ան։
Նշենք, որ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ էտմոն Մարուքեանը կուսակցութեան երրորդ համագումարին յայտարարած էր. «Եթէ այս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրութիւն էլ տեղի չունենայ, որովհետեւ եթէ ամէն օր ատրպէյճանական զինուժը պէտք է շատանայ մեր տարածքում՝ ինչ ընտրութիւնների մասին կարող է խօսք լինել»: