Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի պուրակում կայացել սգո արարողություն, որտեղ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին խոնարհվել են ծաղիկներ, վառվել մոմեր:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, ստեփանակերտցիներ շարունակել են իրենց հարգանքի և հիշատակի տուրքը մատուցել ահաբեկչության զոհ դարձած ֆրանսիացիների հիշատակին: Հայ և ֆրանսիացի ժողովրդների հետ բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» քանդակի պատվանդանին ներկաները ծաղիկներ են խոնարհել՝ հայտնելով իրենց խորը ցավակցությունն ու զորակցությունը բարեկամ Ֆրանսիայի ժողովուրդներին։ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն իր ցավակցական խոսքում ասել է. «Ես Արցախի ողջ ժողովրդի անունից իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ դատապարտելով ամեն տեսակ քստմնելի ահաբեկչական գործողությունները, որտեղ էլ, որ դրանք կատարված լինեն: Կարծում ենք՝ ներկա դրությամբ ահաբեկչությունը մարդկությանը սպառնցող ամենամեծ վտանգներից է: Մենք պետք է գործենք միասին. պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը երբեք տեղւ չունենա որևէ տեղ: Արցախն իր կարևոր դերակատարությունն ունի ահաբեկչության դեմ պայքարի գործում: Չէ՞ որ արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք թանկ զոհերի գնով կարողանում ենք զսպել մեր հարևան ահաբեկիչ պետության գործողությունները՝ մեր լուման ներդնելով համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարին: Նորից ու նորից ցավակցում ենք զոհերի հարազատներին, վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»: