image

Սևակ Արծրունի. Ո՞վ է կանգնած խրամատի այն կողմում

Սևակ Արծրունի. Ո՞վ է կանգնած խրամատի այն կողմում

Թուրքիայի նախագահին ուղղած բաց նամակի առիթիվ «Արևելքի» հարցազրույցը՝ հասարակական գործիչ և հրապարակագիր  Սևակ Արծրունու հետ

 

-Օրերս  Դուք բաց  նամակով  դիմեցիք Թուրքիայի  նախագահ Էրտողանին: Ի՞նչ էր այդ  նամակի դրդապատճառը՝ հաշվի առնելով, որ այս պահին հայությանն անմիջական հուզող հարցն արցախյան օրակարգն է, ոչ թե՝ հայ-թուրքական հարաբերությունները:


-Իմ կողմից գրված և Թուրքիայում հրապարակված բաց նամակի հասցեատերերն էին  Թուրքիայի Հանրապետության նախագահն ու  ու Թուրքիայի հանրությունը:

Այսօր Թուրքիային և ամբողջ տարածաշրջանին սպառնում են բազմաթիվ վտանգներ, որոնք օրեցօր դուրս են եկել Էրդողանի վերահսկողությունից: Քրդական հարցը, թուրք-օսմանական ջիհադի անվերահսկելի հոսանքը, միլիոնավոր փախստականների հոսքը և հիմա, Միլլի Մեջլիսի ընտրություններից ի վեր, Թուրքիայի օսմանական-ազգայնամոլական խորքային պետության վերահզորացումը ցույց են տալիս, որ Նոր Միջին Արևելքի ստեղծման շրջանակներում Էրդողանն այլևս լծակ է և դադարել է գործոն լինելուց:

Հայությունը պարտավոր է վերջապես գիտակցել թե ի՞նչ է տեղի ունենում, և ո՞վ է խրամատի այն կողմ կանգնած:

Թուրքիայի եւ Էրդողանի տերերը թուրքիկ արմատական ծրագրերով և իրենց կողմից կառավարվող ջիհադական որոշ հոսանքների շնորհիվ ներկա են մեր տարածաշրջանում: Արցախի խրամատներում, Ջավախքում ընթացող թուրքական ներթափանցման դիմաց և Հայաստանի շրջափակման պայմաններում մենք ամեն օր ենք դիմակայում հակահայկական գործողություններին: Քսանմեկերորդ դարում պատերազմն ընթանում է նաև տանը, փողոցում, խանութում, համացանցում և անհատի սեփական ուղեղում, հուզմունքերում, զգայարանքներում ու համոզմունքներում:

ԱՄՆ խորքային պետության կողմից հրահրվող Քաղաքակրթությունների Պատերազմում մեզ դերակատարություն է տրված. լինել Սուննի Իսլամական ճամբարին հակադրված Ուղղափառ ճամբարի առաջամարտիկը: Այս պայքարի սկզբնական, խաղացողների տեղադրման ժամերին, մենք կարողացանք ստեղծել ՀՀ և ԼՂՀ Հանրապետությունները: Ներկա աշխարհաքաղաքական պահը, մեզ ընձեռնված երկրորդ առիթն է, որը պարտավոր ենք բաց չթողել:

Պայքարը, սակայն, ոչ թե միայն Արցախում այլ ամբողջ Փոքր Ասիայում է տեղի ունենում: Արցախի պատերազմը Փոքր Ասիայի պատերազմի ճակատներից մեկն է, և ես չէի բացառի, որ որոշ հանգամանքների և իրողությունների առաջացման դեպքում, Թուրքիայի տերերին արդեն կհաջողվի  ներքնապես կազմալուծել Ալիևյան վարչակազմը և կազմակերպել Ադրբեջանի Սիրիականացում:

Այսինքն, ես բոլորովին տրամաբանական եմ գտնում այն հնարավոր զարգացումը, որ Ադրբեջանը անցնի թուրք ազգայնական խորքային պետության և նրանց կողմից վերահսկվող իսլամական արմատական տարրերի ձեռքը: Այս ճանապարհով կարելի կդառնա երկարաձգել անվերահսկելի քաոսի վերածված Ադրբեջանի կողմից Արցախին և Հայաստանին պարտադրված և շարունակելի պատերազմը, որը միաժամանակ կապակայունացնի Վրաստանը և ամբողջ հյուսիսային Կովկասը Ռուսաստանի համար կդարձնի անկառավարելի:

Այս վարկածին միս ու բովանդակություն են տալիս մի շարք իրողություններ. սահամանագծում լքված հազարավոր անտեր դիակները, Արցախում հայկական զորքերի դեմ կռվող թուրքական և իսլամական միավորները, և վերջապես՝ վերջին օրերին Ռուսաստանի զգուշավոր վերաբերմունքը, որը կայանում է նրանում, որ Ռուսաստանը փորձում է չարագացնել սպառման եզրին հասած ալիևյան վարչակարգի  փլուզումը և քաոսի տիրակայումը:

Այսինքն ես համոզված եմ, և Թուրքիայի նախագահին ուղղված բաց նամակում էլ ասել եմ, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Էրդողանին ամբողջական վերահսկողության տակ առած ուժերի կողմից մանիպուլացվող նախագիծ է:


-Ձեր բաց նամակի իմաստը ավելի պարզ հասկանալու համար դուրս գանք նամակի սահմաններից  և հասկանանք՝  այս պահին Սփյուռքն ի՞նչ գործնական անելիքներ ունի՝ ոչ թե խոսքով, այլ՝ գործով:


-ԱՄՆ խորքային պետության ծրագրերից մեկն էլ ազգային պետությունների շարունակական քայքայումն է: Սփյուռքահայությունը դժբախտաբար ապրում է ապազգայնացման բոժոժի մեջ և յուրաքանչյուր օր մի քիչ ավելի է հարմարվում ապազգային մտածողությանը: Ամբողջ աշխարհը վերածվում է ապազգայնացած, անդիմագիծ հասարակությունների միատարր ու տձև հավաքականության, որտեղ մարդիկ կորցնում են ոչ միայն իրենց ազգային, այլ նաև՝ էթնիք, ընտանեկան, մշակութային, կենցաղավարական ու ամեն տեսակի ինքնությունները:

Մենք շատ ավելի լավ կացության մեջ կլինեինք, եթե ըմբռնած լինեինք այս իրողությունը, և ազգային համապարփակ ու բազմակողմանի ծրագրի շուրջ անընդհատ մոբիլիզացված լիներ վտանգի դիմաց փաստորեն համախմբված ու վճռակամ մեր ազգը:

Այսօր աշխարհը կառավարվում է չբացահայտվող նախագծերով: Հայությանը բաժին է ընկած ամեն ժամ գոյատևել ժողովրդագրական շարունակական հարվածներին: Այս իմաստով, մեր դեմ գործադրվող մեխանիզմները բարդ են, խարդախ ու բազմատեսակ: Հայաստանի հայաթափումը նոր նախագիծ չէ, և ստեղծվել է ո՛չ Մոսկվայում, ո՛չ  Պոլսում, այլ հարյուրամյակներ առաջ… Արևմտյան Եվրոպայի քաղաքական կենտրոններում:

Նպատակը մեկն է ու չի փոխվել. հալածանքների և տնտեսական շրջափակման ու քայքայման միջոցառումներով արմատախիլ անել հայությունը իր հայրենի եզերքից, այնուհետև՝ օտարության գրկում ուծացնել: Թուրքիայի նախագահը, ի զարմանս շատերի, օրեր առաջ հայտարարեց, որ տարածաշրջանում ամենավտանգավորը Հայաստանն է: Սա, հավատացեք, ոչ թե Էրդողանի այլ նրա տերերի կարծիքն է:

Սփյուռքն իր հին ու հնացած մոտեցումներով, տգետ ու ծույլ ազգայնական դպրոցով ու ռազմավարությամբ ու պատեհապաշտ մարտավարական զինանոցով այս ամենի դիմաց մերկ է, ու դատապարտված՝ շարուանակաբար օգտագործվելու ու մանիպուլացվելու:

Իսկ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների սփյուռքյան քաղաքականությունը անհեռատես է և՝ հիմնված ԽՍՀՄ սառը պատերազմյան օրերից մնացած բնազդների վրա:

Սփյուռքի անելիքը միանշանակ կախված է Հայաստանի Հանրապետության սփյուռքյան, ազգային անվտանգության և արտաքին քաղաքական ուղղություններից: Մեր քաղաքական կենտրոնն այլևս Երեւանն է և կմնա այն: Սփյուռքը պետք է գիտակցի, որ իր կազմակերպման, համախմբման, գործելու, արժեհամակարգի հարստացման, ամեն ինչի գրավականը ՀՀ-ն է, ոչ թե միայն նրա իշխանությունները, այլ ազգային պետությունն իր բոլոր բաղադրիչներով, աշխարհագրությամբ, տնտեսությամբ, քաղաքացիական հասարակությամբ, բանակով և այլն:

Արտասահմանում բնակվող սփյուռքահայը պետք է մասնակցի Հայաստանի բոլոր ծրագրերին, անխտիր բոլոր ուղղություններով: Եթե այս հայաստանակենտրոն իրողությունը ստեղծած լինեինք 1994-ից, մենք այսօր կամավորներ չէինք լինի, այլ՝ աշխարհազորայիններ, բոլորս, անխտիր, խաղաղ, թե զինյալ քաղաքացիներ, Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում:

Թուրքիայի և նրա տերերի նկատմամբ մեր պահանջատիրական գործելաոճը պետք է վերանայվի: Փոքր Ասիայում և աշխարհում հայությունը պետք է վերածվի գործող միավորի: Քսանմեկերորդ դարում քիչ պետությունների է տրվելու ազգային նկարագիր պահպանելու շքեղությունը: Հայկական սփյուռքի ներուժից և ցեղասպանությունից եկող մեր կոլեկտիվ բնազդների հաշվին մենք կարող ենք այդ իրավունքին արժանանալ :


-Մտահոգիչ  ընթացք է  ստանում հայության շեշտված ատելությունը՝ դեպի  Ադրբեջանն ու Թուրքիան, միաժամանակ նաև՝  անվստահությունը Ռուսաստանի և միջազգային հանրության նկատմամբ:  Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հոգեբանական հիմք ունեցող տարողունակ անհանդուրժողական և ատելավառ նման մտածողությունը: 


-Ատելությունը, անհանդուրժողությունը, նույնիսկ հալածախտն ու կասկածամտությունը ցեղասպանությունից, ստալինյան հալածանքներից և հարյուրավոր տարիների մեր ցավատանջ անցյալից սերտաճած արդեն գենետիկ իրողություն դարձած բնազդներ են: Այս ամենին ես նայում եմ դրական ակնոցով: Մեր անյալից եկող կուտակված տառապանքն ու անդոհանքը այսօր անընկճելի ներուժի են վերածվել: Մյուս կողմից, սակայն, ատելությունը և բոլոր հուզմունքները քաղաքական մեթոդոլոգիայում համարվում եմ բացասական և վնասակար:

Թուրքիկ ու ջիհադական նախագծերում ներգրավված բոլոր գործող միավորները մեր վճռակամ թշնամիներն են ու մնալու են: Այս ճամբարին Էրդողանն իր բոլոր լիազորությունները զիջել է:  Սա փաստ է:

Ռուսաստանի հետ իրողությունը մի քիչ այլ է: Իմ գնահատմամբ, մենք ունենք մի շարք բնական դաշնակիցներ, սակայն դրանցից ամենակարևորը և ամենակենտրոնականը, անշուշտ Ռուսական կայսերապաշտական ազգային նախագիծն է:

Եթե Արևմտյան ազատ մտածողության տեր ավանդաբար հայամետ շրջանակները աշխարհաքաղաքական առումով իրենց բոլոր իրավունքներն արդեն զիջել են ԱՄՆ խորքային պետությանը, ապա ռուսական գործոնը հիմա հայտնվել է պաշտպանության հզոր դիրքերում և իր կանոններն է պարտադրում ԱՄՆ խորքային պետության կողմից ընթացող Նոր Միջին Արևելք նախագծին:

Սակայն ինչպես ատելությունը, այնպես էլ վստահությունը քաղաքական կյանքում անընդունելի են: Մենք պարտավոր ենք հասկանալ ռուսական ճամբարում գործողների առաջնահերթությունները, ԱՄՆ և Թուրքական Խորքային պետությունների ելակետային սկզբունքները և գործել իրատեսությամբ:

Հայությունը վաղուց նման բարենպաստ իրավիճակում չի եղել, և եթե արձանագրվեն ձախողություններ, դրանք հետևանք կլինեն, հավատացեք, միմիայն մեր քաղաքական տհասության:

Հայությունը պարտավոր է դուրս գալ ապատեղեկատվական փուչիկից և գործել իրական փաստերի գիտակցությամբ: Օրինակ, երեկ «Ջերուզալեմ Պոստ»  օրաթերթում հրապարակվեց հոդված, որի վերնագիրն էր. Azerbaijan under siege: A friend of Israel in need of our support. Մեզանում բոլորը մի տեսակ զարմացած են, իսկ զարմանալու ոչինչ այնտեղ չկար : Զարմանքը, որպես կանոն, հետևանք է անտեղյակության:


-Հոռետե՞ս եք :


-Եթե լինենք համախմբված ու համազգային իմաստով մոբիլիզացված նույնիսկ շփոթի ու ձախորղությունների իրավիճակներում, եթե վերջ տանք առավելապաշտ և անհեռատես կանխապաշարումներին, եթե դիմանանք բոլոր հարվածներին, ինչ էլ լինի հասցված վնասը, եթե մեր հարվածները լինեն դիպուկ ու ճիշտ մտածված, ապա հոռետես լինելու պատճառ չունենք ու քսանմեկերորդ դարը, իսկապես կլինի հայության դարը :

Հակառակ դեպքում, այո, հոռետես լինելու իրական պատճառներ կան: