Արցախի նախկին պետնախարար, բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը մարտի 5-ին Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է տարածել։
Նա ընտանիքի միջոցով՝ հեռախոսազրույցի ժամանակ, խնդրել է ձայնագրել իրեն եւ հրապարակել խոսքը, ինչն արել է ընտանիքը։ 12 րոպեանոց խոսքի մի մասը հայերեն է, մյուս մասը՝ ռուսերեն, ներկայացնում ենք ամբողջական հայերենը․
«Հարգելի հայրենակիցներ, Այսօր մարտի 5-ն է:
Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող եւ ինքնակրթվող եւ ծառայող Աստծուն։
Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է:
Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես՝ երբեք: Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, եւ ես ինքս ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչեւ ապրիլի 24 -ի գիշերվա 12-ը հացադուլի մեջ էի: Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ այն բանի, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, համաձայն Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչո՞ւ է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 87 թվականից: Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձեւական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետեւյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի: Ինձ մեղադրում են ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 87 թվականից ի վեր: Խնդիր չկա. պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգնի խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու եւ դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջեւում են: Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իր, եւ Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եւ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է եւ իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել: Չգիտեմ՝ կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբեւէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզություն կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որեւէ մեկին ցավ պատճառել:
Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով եւս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին: Նաեւ ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի եւ պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել եւ մի փոքր փոխել պատմության ընթացքը: Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությունը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով ու սիրում եմ բոլորին: Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում եւ պարում մեր պարերը: Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար: Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է եւ ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունեցել Խոջալուն, եւ այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետեւ այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում եւ իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ եւ ներում, ինչպես նաեւ այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ եւ ընտանիքիս: Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարեւանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել: Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում: Եւ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ: Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարեւոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգեւորհիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ «ոսկե հորթի» ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը եւ դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է: Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների եւ պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարեւորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչեւ վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունն սկսվում եւ ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին եւ այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարեւոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար:
Եւ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, եւ հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք եւ չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն հնարավորությունը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ եւ կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել եւ շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:
-Հայերենով՝ Լյոխ լավա լինելու: Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջեւ, մենք կհաղթահարենք դրանք:
Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը եւ իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաեւ արցախցի տատիկի ժառանգությամբ: Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տվել եք հայ լինելու եւ իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»: