image

Մոնթեի եւ Սեդայի հավերժ սերը

Մոնթեի եւ Սեդայի հավերժ սերը

Անուշ Թրվանց

             

 

                     Պարտվեց սիրո դեմ պայքարում

 

15-ամյա Սեդա Գպրանյանը Լիբանանում աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը: Իր քույրերից մեկի տանն ամերիկահայ մի զինվոր էր հյուրընկալվել, Սեդան հաճախ էր այցելում քույրիկին և երեկոյան հավաքների, զրույցների ընթացքում սիրում էր տարբեր հարցերի շուրջ արտահայտել իր կարծիքները.

-Դուն քանի՞ տարեկան ես, որ կարծիք կը հայտնես,-մի օր զարմացած հարցնում է տարօրինակ անունով հյուրը:

-Տասնհինգ,-պատասխանում է Սեդան: Նույն երեկոյի ընթացքում հյուրը երկու անգամ նորից է հարցնում Սեդայի տարիքը՝ չհավատալով, որ 15-ամյա աղջիկը կարող է այդպես համարձակ և ինքնուրույն լինել:

Ամերիկահայ այդ զինվորին ծնողները անվանակոչել էին Մոնթե («Mountain»՝ անգլերեն «սար», «լեռ»): Մոնթեն, ծանոթանալով Հայաստանի ու Հայ դատի պատմությանը, որոշել էր ամբողջ կյանքը պայքարել հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար ու նաև որոշել էր այդ կարևոր առաքելությունն իրականացնելիս չսիրահարվել և չամուսնանալ. «Պարտվեց սիրո դեմ պայքարում»,-ասում է Սեդան բեյրութահայ այն 15-ամյա աղջկա ժպիտով, ում սիրահարվել էր քրոջ ընտանիքում հյուրընկալված 21-ամյա ամերիկահայ զինվորը: Առաջինը Սեդայի քույրերն են նկատում, որ հյուրը շատ է զրուցում իրենց փոքր քրոջ հետ. Սեդան, առանց ոչինչ հասկանալու, քույրերին բացատրում է՝ որովհետև ես մեր տան միակ դպրոցականն եմ, նրան հետաքրքիր է ուսյալ մարդու հետ խոսել: Հետագայում Մոնթեն Սեդային ասում է՝ միայն այդ չէր…

 

Սեդան մեկնում է Հայաստան՝ համալսարանական կրթություն ստանալու, Մոնթե Մելքոնյանը, երկրից երկիր անցնելով, շարունակում է իր քաղաքական գործունեությունը և ձերբակալվում Փարիզում: Սեդայի հետ կապը պահպանվում է նամակագրությամբ: Երևանի պետական համալսարանում սովորող լիբանանահայ ուսանողուհին առաջիններից էր, որ Փարիզի բանտում այցելում է ապագա անկախ Հայաստանի ազգային հերոսներից մեկին: Հենց այդ ժամանակ էլ որոշում են ամուսնանալ. Սեդայի և Մոնթեի կյանքերը կապվում են: Եվ չնայած Մոնթե Մելքոնյանն այսօր չկա, Սեդան էլ արդեն ամուսնացել է, բայց նրա կյանքը շարունակվում է կապված մնալ արտասովոր ճակատագրի տեր մի մարդու հետ, որը մահվանից հետո էլ դեռ ապրում է:


                                 Գրականություն


Սեդա Գպրանյան-Մելքոնյան-Կընդընը սփյուռքահայ գրականության մասնագետ է: Ուսումնասիրել է հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված արձակը: Ինքը նույնպես գրում է: Գաղտնիքներ պարունակող և բացահայտումներ անող գեղարվեստական վավերագրության կողմնակից է. ասում է՝ իր գրություններում Հայաստանում ապրած ժամանակի մասին շատ անհայտ փաստեր կան: Գու՞ցե դրանք տպագրվելուց հետո անակնկալ են լինելու շատերի համար, բայց Սեդան ասում է, որ իր նպատակը հատկապես որդուն ճշմարտությունը պատմելն է:

 

 

                                  Մոնթե-Սարո


Որդին Մոնթե-Սարոն է: Երբ Մոնթե Մելքոնյանն այցելում է Իրան, այնտեղ հայերը, իմանալով,  որ «Մոնթե» անունը «սար» նշանակությունն ունի, հայկականացնում են այն և նրան սկսում կոչել Սարո… Մոնթեի մահից որոշ ժամանակ հետո Մոնթեի ծնողները Սեդային հորդորում են՝ ամուսնանալ, մենակ չմնալ: Սեդան այդ մասին լսել անգամ չէր ուզում, որոշել էր մասնակցել աղքատ երկրներում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Հայաստանում ապրելը ծանր էր դարձել նրա համար, անընդհատ ընկճված էր ու անվերջ տխրում էր: Աշխատանքի համար դիմել էր միջազգային կառույցների և պատասխանի էր սպասում: Տնից գրեթե դուրս չէր գալիս: Երևան է գալիս Մոնթեի մանկության ընկերներից մեկը՝ իռլանդա-գերմանական ծագումով Հովել Կընդընը: Որոշում են գնալ ուխտագնացության: Ամեն ինչ շատ արագ է որոշվում: Մինչև այսօր էլ Սեդան չի հասկանում, թե ինչպես կայացրեց ամուսնության որոշումը:

 

 


Լուսանկարը՝ Emporium-ի

 

Երբ ծնվում է Սեդայի և Հովելի որդին՝ անվան հարցում քննարկումներ նույնիսկ չեն լինում՝ բնական է, որ անունը պիտի լիներ Մոնթե: Իր կողմից էլ Սեդան ավելացնում է Սարոն: Իր և հերոս ամուսնու երազած որդու անունը պիտի լիներ Սարո. վաղուց էին այդ մասին գրել իրենց նամակներում:

Մոնթե-Սարոն արդեն 12 տարեկան է. համեստ, ժպտադեմ, կիրթ… օգնում է մորը՝ տնային գործերում «Տնային իր բաժին գործը լավ գիտի»,-ասում է մայրը:

Սեդան նշում է, որ ինքը չի ուզում խանգարել որդուն ինքնությունը զգալու հարցում. «Այնպես եմ անում, որ իր արժեքները մի քիչ մոտ լինեն այն արժեքներին, որոնցով ես ապրել եմ: Չեմ ուզում ստիպել, որ հայ լինի, ուզում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ինքը հետաքրքրվի հայ լինելով»: Սեդային կարծես հաջողվում է դա. Սարոյին հաճախ են հարցնում՝ ի՞նչ ազգ ես: Սեդան կողքից գաղտնի լսում է որդու պատասխանը՝ «Հայ եմ», ասում է իռլանդա-գերմանական ծագում ունեցող հոր որդին՝ Մոնթե Սարո-Կընդընը:

 

                                      Կնոջ կերպար


Մոնթեն Սեդային սիրում էր իր բնական կերպարով՝ առանց հարդարանքի, արդուզարդի և պճնանքի: Մի անգամ Սեդան քրոջ խորհրդով կարմրաներկ էր քսել այտերին, Մոնթեն զարմացած ու շփոթված նայել էր՝ չհասկանալով, թե ի՞նչ է կնոջ այտերին: Նույնիսկ ականջօղ չէր կախում, ականջները ծակված չեն՝ Մոնթեն էլ չէր քաջալերում ծակել ականջները, կրում է միայն ժամացույց և ամուսնական մատանին. «Իմ ծննդյան օրը ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով»,-ասում է Սեդա Մելքոնյանը: Այսօր էլ, չնայած սպիտակ թելերը շատանում են մազերի մեջ, չի ներկում դրանք,  ժամանակ չկա, ասում է:

 

 

 

                                         

 

 

                                        Փողոցներ


Մոնթեն Հայաստան եկավ Վառնայից, եւրոպական ու արևելյան երկրներում երկար հետապնդվելուց, ձերբակալվելուց և գաղտնի ու կեղծ փաստաթղթերով երկրից երկիր շրջելուց հետո՝ Սեդայի հայաստանյան ծանոթությունների և ջանքերի շնորհիվ: Եթե մի քիչ էլ ձգձգվեր Եվրոպայում կեղծ ու ժամկետանց անձնագրով մնալը, նորից պիտի ձերբակալվեր: Սեդային հաջողվեց դա բացատրել Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին, և, Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով ստանալով Հայաստան մուտք գործելու արտոնագիր, 1990 հոկտեմբերի 6-ին Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ ոտք դրեց հայրենի հողին:

Առաջին վայրը, ուր տարել է նրան Սեդան, «Զորավոր Սուրբ Աստվածածին» եկեղեցին է եղել, այնուհետև ցույց է տվել Լեզվի ինստիտուտի ետևում թաքնված Կաթողիկե եկեղեցին. «Հետո տարա Թումանյան փողոցի Գեղարվեստի սրահի դիմացի սեփական տների թաղը: Ինձ համար շատ հետաքրքիր էր նեղ, ծուռ-մուռ ճանապարհներով սեփական տների այդ բակը, չնայած բարվոք պայմաններ չէին, բայց երևանյան հին շունչն էի զգում այնտեղ: Այդ թաղամասը հիմա Հյուսիսային պողոտան է, որտեղ դեռ ոտք չեմ դրել:

Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում…

Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք: Սիրում եմ պարզապես քայլել փողոցում, բայց աղմկոտ վայրեր չեմ սիրում, մեքենա քշել չեմ սիրում, քշում եմ միայն ծայրահեղ դեպքում, երբ խիստ անհրաժեշտություն է լինում: Մեքենաները վտանգավոր են մեր երկրագնդի համար»:

 

 

 

                                    Մարդիկ


«Երևանում իմ անմիջական շրջապատը տարիների ընթացքում մեծացել, բայց նեղացել է: Շատ մարդ եմ ճանաչում, բայց միշտ իմ ամենամոտ մարդիկ են լինում կողքս: Դժբախտաբար, իմ ամենամոտիկ երկու ընկերուհիներն էլ՝ Մալյանի թատրոնի դերասանուհիներ, մահացել են, երկուսն էլ՝ կրծքագեղձի քաղցկեղից, բայց նրանց ընտանիքների հետ կապը կա, ուսանողական տարիների ընկերներս կան, մեր քավորը կա, մենք ենք որոշ մարդկանց քավոր… Հարազատ մարդկանց պակաս չկա Հայաստանում: Չեմ սիրում, ամաչում եմ, երբ փողոցում մոտենում են, փորձում են ձեռքս համբուրել: Ես ի՞նչ եմ արել որ… Գլուխս կախ իմ գործն եմ անում, ես հատուկ ոչ մի բան չեմ արել, ոչ էլ Մոնթեն կարող էր ուրիշ կերպ ապրել, վատ եմ զգում դրանից, մանավանդ որ ասում են՝ նկարվենք մի քիչ թանգարանի ցուցանմուշի պես եմ զգում, բայց մտածում եմ, որ եթե դա իրենց համար հաճելի և ուրախալի է՝ նկարվում եմ»:

 

 

                          Բնապահպանություն

 

«Ինձ այսօր շատ է մտահոգում մեր մոլորակի վիճակը: Կարծում եմ՝ գիտության զարգացումը լավ տեղ չի տանում մեր մոլորակը: Պլաստմասսան շատանում է օրեցօր, իսկ դրա մաշման համար, ինչպես գիտեք, հազար տարի է հարկավոր: Ես ցելոֆանե տոպրակներ չեմ օգտագործում, միայն՝ թղթից: Ամերիկայում երկար եմ ման գալիս, որ սառնարանում ուտելիք պահելու ամաններ գտնեմ ոչ պլաստմասսայից, գտնում եմ ապակե ամաններ, բայց դրանց կափարիչներն էլ պլաստմասսայից են… Ուսանողական տարիներին դեզոդորանտ չէի օգտագործում, ընկերուհիներիս բացատրում էի, որ փչելուց օդի օզոնային շերտը վնասվում է, բոլորը ծիծաղում էին, ասում էի, եթե յուրաքանչյուրն իր հերթին ինձ պես մտածի, փրկության հույս կլինի»:


Անուշ Թրվանց, 2013թ. ,Emporium հանդես

 


Մոնթեի և Սեդայի պսակադրությունը՝ 1991 թ.-ին, Գեղարդում