image

Իշխան Սաղաթելյանը գործադուլ եւ դասադուլ սկսելու կոչ արեց

Իշխան Սաղաթելյանը գործադուլ եւ դասադուլ սկսելու կոչ արեց

Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ հետո կտեղադրենք վրաններ,  եւ համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել։ Վաղը ժամը 08։30–ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը. սա իշխանազավթում  չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն  է, դուրս գալ պայքարի ու թրքահպատակ իշխանությանը հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաեւ կոչ արեց քաղաքացիներին՝ վաղվանից սկսելու դասադուլ եւ գործադուլ։  Շարժման առաջնորդը նաեւ ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, ում անհարմարություն են պատճառելու, բայց ասաց,  որ օրերի հարց է, առաջիկա  օրերին պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տեւելու.  «Դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,-ասաց Սաղաթելյանը եւ նշեց, որ վաղը կենտրոնում մեքենաների շարժ չպետք է լինի, հանրապետության բազմաթիվ փողոցներ փակ են լինելու: