ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին: