Հոդվածի մրցույթ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին»
Երբ առաջին ու վերջին անգամ տեսա նրան, ապշել էի: Թուրքիայից եկած հայ լրագրողը Ցեղասպանության մասին թեզ գրող ուսանողին պատմում էր լրիվ ուրիշ երկրի մասին: Փոքր էի, ավելի զգացմունքային, անխելք: Պատմածը լսում էի` չէի հասկանում: Թուրքիան ինձ համար երկիր էր, որտեղ սպանել են մեզ, որտեղ թշնամին է. Նրա համար Թուրքիան հայրենիք էր. «Ադիկա իմ երկիրս է»,- ասում էր նա:
Այդ օրերին Սփյուռքից Հայաստան եկած լրագրողների մեծ մասն ասում էր` սա մեր հայրենիքն է, դրսում ուղղակի ապրում ենք: Ասում էի` եկեք, հայրենիքում ապրեք, էս երկրում բոլորիս համար տեղ կգտնվի: Բոլորը ժպտում էին... Ու միակ մարդը, որը չէր ստում, Դինքն էր:
Թուրքիայի պատրիոտ էր Դինքը, իսկական քաղաքացի. Երկիրը սիրող, բայց չհամակերպվող, ընդունող ու պահանջող, փաղաքշող ու ապտակող էր: Ասում էր` թուրքերը չեն կարող հերքել Ցեղասպանությունը, ուղղակի որովհետև չգիտեն դրա մասին: Ասում էր` պետք է խոսել, չլռել, ասել, որ եղել է, ասել, որ կոտորել են, այնքան ասել, մինչև ընդունեն: Մի վայրկյան անգամ չէր վախենում, որովհետև գիտեր` ճշմարիտ է: Նա համոզված էր` Ցեղասպանության ընդունումը Թուրքիայում հնարավոր է միայն մի ճանապարհով` սեփական գիտակից հասարակության ճնշման տակ:
Դինքի սպանության մասին իմանալուց հետո անընդհատ հիշում էի մեր կարճ խոսակցությունը: Նրա մասին գրում էին` վախվորած աղավնի. Սուտ է, վախվորած չէր, խիզախ էր` սեփական երկրում ապրող մարդու նման: Այնքան խիզախ, որ խոսում էր մի ամբողջ ազգի հիշողությունից ջնջված դեպքերի մասին, այնքան խիզախ, որ համարձակվում էր ասել, որ աչք ունի պապերի հողի վրա: Այնքան խիզախ, որ խոսքի ազատությունը դավանանք էր դարձել, իսկ իրավունքը` նպատակին հասնելու գործիք:
«Դժոխքի կրակները լքելով` «երկինք» փախչելն ինձ համար չէ»,- ասում էր նա:
Իրատես էր նաև, գիտեր՝ արդեն հաղթել է: Վերջին 10 տարիներին նրա անվան հիմնադրամը երկու հասարակությունների փոխճանաչման ու համակեցության համար արեց ավելին, քան 100-ամյա դիվանագիտությունը: Այդպես եղավ, որովհետև հիմքում Դինքի սկզբունքն էր:
Այսպիսին էր նա` իմ տեսած Դինքը, Ճշմարիտ, խիզախ ու երբեք չստող:
Սոնա Մարտիրոսյան/ազատ լրագրող, ԵՊՀ դասախոս