26 Սեպտեմբերին Գարեգին Նժդեհի հրապարակէն համախմբման եւ ոգեկոչման երթ պիտի կատարենք՝ ի յիշատակ մեր հերոսներուն։ Այս մասին ըսաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեան։
Վերջինս, անդրադառնալով համայնքներու խոշորացման նախագծին, զայն որակեց հակասահմանադրական գործընթաց։
«Սա ապօրինի գործընթաց է, որովհետեւ ՍԴ-ի ուղիղ պահանջը չի իրականցուել։ Համապատասխան քննարկումներ չեն եղել, համայնքների բնակիչների կարծիքները հաշուի չեն առնուել։ Մենք խոշորացմանը դէմ չենք, բայց դէմ ենք նման կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Սա քաղաքական պրոցես է` համայնքների ղեկավարներից ազատուելու, իրենց քաղաքական շահը առաջ տանելու համար։ Ապարանում, օրինակ, մէկ գիւղ միացրել են, որպէսզի ազատուեն համայնքի ղեկավարից եւ նշանակեն նոր ընտրութիւն։ Գեղարքունիքի 18 բնակավայրերից բաղկացած խոշորացուած Գեղամասար համայնքը մեկ քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Սա ապօրինի գործընթաց է, որին մասնակցելու պատճառ եւ հիմնաւորում չենք տեսնում»։
Սաղաթէլեանը նշեց, որ համայնքներուն մէջ կան դժգոհութիւններ, սակայն համայնքներբու ղեկավարները եւ աւագանիի անդամները, հաշուի առնելով իշխանութիւններուն գործելաոճը, համարձակութիւն չունին դուրս գալու փողոց եւ իրենց դժգոհութիւնը յայտնելու։
Նիստին չմասնակցելու միւս հիմնապորումը, Սաղաթէլեանի խօսքով, երկրին մէջ առկայ անվտանգութեան խնդիրներու առաջնահերթութիւնն է։
«Ատրպէյճանցիները ոստիկանական յենակէտ են դրել ՀՀ տարածքում, Նիկոլ Փաշինեանը «սիրախաղ» է սկսել Էրտողանի հետ, երկրում սպառնալիքները աւելի են խորանում, այս ֆոնին ընդունելի չէ գալ եւ մասնակցել այս ապօրինի գործընթացին»։
Հարցին` ինչ ընթացքի մէջ է պաշտպանուեյան նախարարի, ԱԱԾ տնօրէնին հետ ԱԺ-ի մէջ փակ հանդիպումներ կազմակերպելու պայմանաւորուածութիւնը, Սաղաթէլեան նշեց, որ թէեւ կայ պայմանաւորուածութիւն, սակայն տարբեր մանկական պատճառներով այն դեռ տեղի չէ ունեցած։
«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագոյն մտահոգութիւն՝ այս ամէնի հետ կապուած։ Պատահական չէր, որ երէկ եւս Էրտողանը յայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնյայտ է, որ գաղտնի կապեր եւ բանակցութիւններ կան ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, եւ դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմաններին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, աւելացել է եւս չորրորդը` միջանցք Սիւնիքով։ ՀՀ իշխանութիւնները ո՞ր նախապայմանն են պատրաստ բաւարարել»։
Խօսելով փողոցային պայքարի եւ ընդդիմութեան նկատմամբ ունեցած ժողովուրդի մէկ մասին հիասթափութենէն՝ Սաղաթէլեան ընդգծեց.
«Մենք ծանօթ ենք մեր բազմաթիւ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տուել, որպէսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանութիւններին, որը չի բաւարարվել, եւ դժգոհութիւններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, աւելի լայն զանգուածների կազմակերպում։ Մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետեւ միայն խորհրդարանական գործունէութեամբ չենք կարող չէզոքացնել երկրում առկայ սպառնալիքները։ Ամսի 26-ից յետոյ պարբերաբար կը տեսնէք տարբեր ակցիաներ եւ գործողութիւններ, իսկ Հոկտեմբերից «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները սկսելու են մարզային այցելութիւններ»։
Անդրադառնալով բազմաթիւ քաղաքայիններու այն մտահոգութիւններուն, որ Տավուշի մէջ ատրպէյճանցիները վրան խփած են, յառաջխաղացում ունեցած են՝ Սաղաթէլեան ըսաւ.
«Իշխանութիւնները այլեւս չեն ժխտում, որ նոր զիջումների եւ կապիտուլյացիայի չեն գնալու, իրենք փորձում են դա հիմնաւորել՝ ասելով, որ այդ տարածքները ատրպէյճանական են։ Իշխանութիւնները մեծ ձեռքբերում են համարում, որ ճանապարհից գերեվարուած քաղաքացիներին կարողանում են ինչ-որ ճանապարհով ետ բերել, բայց չեն ասում՝ ինչպէս գերեվարուեց։ Ընդդիմութիւնը պէտք է կազմակերպի հասարակութեանը, կանխի Հայաստանի թուրքացումը եւ մեր պետականութեան կործանումը։ Եթէ հայ ժողովուրդը դուրս գայ փողոց եւ ասի՝ ես պատրաստ չեմ գնալ նոր կապիտուլյացիայի, այս իշխանութիւնները յաջորդ օրը կը հեռանան»։