«Բանաւոր դիմել եմ Գնէլ Սանոսեանին բացարձակ ոչ մի անդրադարձ չի տուել, հաշուի չեն առնում ժողովրդի կարծիքը»։ Այս մասին այսօր՝ 16 Սեպտեմբերին, լրագրողներու հետ զրոյցին ըսաւ Գեղամասար համայնքի ղեկավար՝ Յակոբ Աւետեան։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գիւղի բնակիչները փակած են Սոթք-Վարդենիս ճանապարհը. անոնք բողոքած են համայնքներու խոշորացման դէմ:
«Մեր 18 գիւղը սահմանապահ ժողովուրդ է, պաշտպանում են սահմանները։ Ոչ միայն պաշտպանում են, նաեւ ապրում են սահմանի վրայ։ Նրանցից կարծիք չհարցնելը անբարոյականութիւն է։ Մեզ հաճելի չի, գործից կտրուեն, գան ճանապարհի վրայ կանգնեն, բայց ստիպուած են։ Ես առաջարկում եմ, որ ՏԿԵ նախարարութիւնից արձագանքեն այս հարցին։ Ինձ Գնէլ Սանոսեանն ասել է՝ խոստանում եմ, դու դատուելու ես, համայնքն էլ ցրելու եմ։ Դա քաղաքական հայացքների հետ է կապուած։ Այսինքն՝ ով իրենց հետ չի, իրենց թշնամին է։ Եթէ Հայաստանում խնդիրը ես եմ, ինձ դատեն, սաղ հարցերը կը լուծուեն, գնամ ու կամաւոր նստեմ, որ Հայաստանը լաւ լինի»,- նշեց ան։
Ըստ Աւետեանին՝ Կառավարութիւնը յանձնարարած է ոստիկանութեան, որ բնակիչներուն 10 րոպէ ժամանակ տան՝ ճանապարհը բանալու համար. «Կառավարութեան կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի նկատմամբ»։