ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։
«Այո, դրանք տեղի կունենան: Նրանք արդեն համաձայնել են դրան»,- ասել է Ուիթքոֆը լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել մարտի 22-ի գիշերը։ ։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը նաև հայտնել է, որ ուկրաինայի պատերազմում ամենամեծ խնդիրը կապված է Ղրիմի կարգավիճակի հետ։ Նույն խնդիրն ունեն նաև Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը ռուսական բանակի վերահսկողության տակ է։
«Դրանք ռուսալեզու տարածքներ են, և եղել են հանրաքվեներ, որտեղ մարդկանց մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի իշխանությանը: Իմ կարծիքով, սա է հակամարտության առանցքային կետը: Սա առաջին բանն է, որը պետք է լուծվի», — ընդգծել է Ուիթքոֆը:
«Հարցն այն է՝ աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսական տարածքներ են, կճանաչի՞։
Կարո՞ղ է արդյոք Զելենսկին գոյատևել քաղաքականապես, եթե դա ընդունի: Սա է հակամարտության կենտրոնական հարցը»,- պարզաբանել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Կիևը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի տարածքները.
Ուկրաինայի նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի մայիսին, սակայն ռազմական դրության պատճառով չեն կայացել։ Գործող ռազմական դրությունը ուժի մեջ է մինչև մայիսի 9-ը։
Ուկրաինայի նախագահի վաղաժամկետ ընտրությունների գաղափարը քարոզում է Կրեմլը, որը Վլադիմիր Զելենսկիին «ոչ լեգիտիմ» է համարում։ Ինքը՝ Զելենսկին, ասել է, որ մինչև պատերազմի ավարտը հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ։