«Հայ փոստ» -ն այսօր շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված «Խաղաղության աղավնի» թեմային։
2500 ՀՀ դրամ անվանական արժեքով ասեղնագործ նամականիշի վրա պատկերված է թռչող աղավնի՝ կտուցին խաղաղություն խորհրդանշող ձիթենու ճյուղով։
Փոստային նամականիշն ունի յուրահատուկ ձևաչափ. այն ամբողջությամբ ասեղնագործ է, իսկ նամականիշի հետևի մասն ինքնասոսնձվող է:
«Խաղաղության աղավնի» թեմային նվիրված նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի («ՓոստԵվրոպա») կողմից նախաձեռնված միջազգային նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է խաղաղության արժեքը խթանելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այն համախմբել է «ՓոստԵվրոպա» ասոցիացիայի անդամ մի շարք երկրների, Համաշխարհային փոստային միությանը (ՀՓՄ), Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և ավստրիական Hämmerle & Vogel տեքստիլ ընկերությանը ։