Ռուբէն Վարդանեանի նկատմամբ կայացուած դատավճիռէն ետք ընտանիքը կը տեղեկացնէ հետագայ իրաւական գործողութիւններու վերաբերեալ անոր դիրքորոշման մասին:
Ընտանիքի յայտարարութիւնը՝ ստորեւ.
«Ռուբէն Վարդանեանի նկատմամբ կայացուած դատավճռից յետոյ տեղեկացնում ենք հետագայ իրաւական գործողութիւնների վերաբերեալ նրա դիրքորոշման մասին:
Ռուբէնը որոշել է դատավճիռը չբողոքարկել։
Այս որոշումը չի նշանակում համաձայնութիւն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանութիւնից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանէ կապ չունէր արդարադատութեան հետ։
Լսումների ընթացքում կատարուողը ոչ թէ դատաքննութիւն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացուել են դռնփակ, անկախ դիտորդներին թոյլ չի տրուել ներկայ գտնուել, միջնորդութիւններն անտեսուել են։
Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակուել։ Սոյն յայտարարութեան հրապարակման պահին ընտանիքին տրամադրուած չի եղել դատավճռի պաշտօնական, գրաւոր տեքստը՝ պատշաճ թարգմանութեամբ, ինչն ընթացակարգային եւս մէկ կոպիտ խախտում է ու թոյլ չի տալիս նոյնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարուայ ազատազրկման հիմքերը։
Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյութիւն ունի առաջին ատեանի դատարանի սխալներն ուղղելու հնարաւորութիւն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնոյթ եւ առնչւում են արդարադատութեան հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածւում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մէկ գործիքի։
Այս պայմաններում վերադաս ատեան դիմելը կը նշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրաւունքի նորմերի թէկուզ նուազագոյն պահանջներին համապատասխանութիւնը, ինչը բնաւ այդպէս չէ։
Ռուբէնը գիտակցաբար հրաժարւում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպէս արդարադատութեան իրաւական ակտ եւ այն համարում է քաղաքական շարժառիթներով եւ անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատութեան մերժում։
Բողոքարկումից հրաժարումը ոչ թէ պայքարի աւարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։
Մենք կը շարունակենք պայքարել արդարութեան համար միջազգային իրաւական մեխանիզմների եւ միջազգային այլ ատեանների միջոցով։
Անկարելի է պաշտպանել սեփական իրաւունքները մի համակարգում, որն ի սկզբանէ մերժում է արդար դատաքննութեան իրաւունքը»։