image

Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձած են քաղբանտարկեալներ մեր իսկ երկրին մէջ. Վարդեւանեանը՝ ԱՄՆ-էն

Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձած  են քաղբանտարկեալներ մեր իսկ երկրին մէջ. Վարդեւանեանը՝ ԱՄՆ-էն

Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձած են քաղբանտարկեալներ մեր իսկ երկրին մէջ։ Այս մասին Ուաշինկթընի մէջ ամէնամեայ Միջազգային կրօնական ազատութեան գագաթնաժողովին (International Religious Freedom Summit) իր ելոյթին մէջ նշած է փաստաբան Արամ Վարդեւանեանը։

«Շնորհակալութիւն IRF գագաթնաժողովին՝ այսօր Ձեր առջեւ ելոյթ ունենալու հնարաւորութեան համար։

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետութիւնից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդաւոր եւ աշխատասէր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկուել է ցեղասպանութեան, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հաւատը։

301 թուականին Հայաստանն ընդունեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնեայ ազգը։ Դարեր շարունակ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրօնական եւ մշակութային ինքնութիւնը։ Դժուարին ժամանակներում, նոյնիսկ ինքնիշխանութեան բացակայութեան պայմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միաւորելով հայերին հայրենիքում եւ Սփիւռքում։

Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժուարութիւնների։ Արցախեան 44-օրեայ պատերազմը, որին յաջորդեց աւելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարաւոր քրիստոնէական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկուել՝ զրկելով քրիստոնեայ հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահւում էին սուրբ մասունքներ։

Մեր խօսքի ընթացքում Քրիստոնեայ հայերը որպէս քաղբանտարկեալներ պահւում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնւում է նրանցից առնուազն 19-ը։ Յատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակաւ աջակցել է Բաքւում գտնուող հայ գերիների ազատ արձակմանը։

Թէեւ Հայկական Եկեղեցին ենթարկուել է կրօնական հալածանքների օտար պետութիւնների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներեւակայելի երեւոյթի՝ միջամտութեան մեր Եկեղեցու վրայ Հայաստանի կառավարող ուժերի եւ կառավարութեան կողմից։

Անցեալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարութեան առաջատար դէմքերը գործադիր իշխանութեան պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նոյնն է, ինչ եթէ կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջէր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանաւորուած մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացուել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրաւական գործընթացը եւ հակասում են իրաւական երաշխիքներին։

Անցեալ յունիսին ձերբակալուեց եւ կալանաւորուեց նաեւ Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամուէլ Կարապետեանը, ում ներկայացնելու պատիւն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետեանին Եկեղեցու հալածանքների մասին, նա յայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին եւ մասնակցելու է Եկեղեցու պաշտպանութեանը՝ մէջբերում եմ՝ «Մեր ձեւով»։

Ի պատասխան այդ խօսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակաւ յայտարարութեամբ հանդէս եկաւ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետեանի տունը խուզարկուեց, եւ նա ձերբակալուեց ու կալանաւորուեց իշխանութիւնը զաւթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խօսքերի համար պարոն Կարապետեանը 200 օր անցկացրել է ծանրագոյն պայմաններում, մի Քրէակատարողական հիմնարկում որը յայտնի է, որպէս «ԿԳԲ-ի նկուղ» (պետական անվտանգութեան կոմիտէ)։

Հայաստանի կառավարութիւնն իր ուժը զէնք է դարձրել մեր Եկեղեցու դէմ։ Նախնական կալանքը վերածուել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկեալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարուայ պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրօնական ազատութեան նման ակնյայտ խախտումներ:

Մէկ տարի առաջ Միացեալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարեւոր յայտարարութիւն արեց. «Մենք պէտք է աւելին անենք, քան պարզապէս խօսենք ժողովրդավարական արժէքների մասին։ Մենք պէտք է ապրենք դրանցով»։ Ես հաւատում եմ, որ հենց այս բանաձեւի միջոցով է հնարաւոր յաջողել։

Ես աղօթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել եւ աւելի լաւ պաշտպանել կրօնի ազատութիւնը ոչ թէ խօսքով, այլ գործով։ Ես աղօթում եմ բոլոր նրանց ազատութեան համար, ովքեր ապօրինի կերպով կալանաւորուած են եւ ենթարկւում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում եւ արտասահմանում։ Շնորհակալութիւն, Աստուած բոլորին պահապան»։