image

Հայ երգչուհի Զիլան Տիգրիսին եւ ամուսնուն մահացած են հանել փլատակներից

Հայ երգչուհի Զիլան Տիգրիսին եւ ամուսնուն մահացած են հանել փլատակներից

Ինչպես հայտնել ենք՝ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հազարավոր կորածների մեջ էին նաեւ տիգրանակերտցի հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսն ու նրա ամուսինը: Տիգրանակերտցի մեկ այլ հայ երաժիշտ՝ Ուդի Երվանդը (Երվանդ Բոսթանջյանը) հայտնել է, որ երգչուհուն եւ ամուսնուն մահացած են գտել փլատակներում։ «Դողացող ձեռքերով եմ գրում. դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսինեւ իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»,–հայտնել է Ուդի Երվանդը: Զիլան Տիգրիսը երգում էր Տիգրանակերտի բարբառով, ներկայացնում էր հայկական ու տարածաշրջանի փոքրամասնությունների ազգային երգեր: 

«Ակունք» կայքը հայտնում է, որ Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ.ին, Տիգրանակերտում, որտեղ էլ կրթություն է ստացել։ Նա հայկական ծագում ուներ եւ՛ մորական, եւ՛ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։