image
Հրատապ լուրեր:

Հայ բանաստեղծուհու անձնական իրը՝ Նոբելյան մրցանակի թանգարանում

Հայ բանաստեղծուհու անձնական իրը՝  Նոբելյան մրցանակի թանգարանում

2024 թվականի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ պոլսահայ Տարոն Աճեմօղլուն, Նոբելյան մրցանակի թանգարանին է նվիրել իր մոր՝ պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի անձնական իրերից մեկը։

Նոբելյան մրցանակի թանգարանը հայտնել է, որ նվիրատվությունը մեծ նշանակություն ունի թանգարանի հավաքածուի համար, քանի որ այն սակավաթիվ հուշերից է, որ մրցանակակիրն ունի իր մորից: 

«Արեւելք»-ի տեղեկություններով, նվերը սեղանի վրա թղթերը հավաք պահելու բյուրեղապակի է, որ անցյալ դարերում լայն կիրառություն ուներ գրագրության մեջ։  Չնայած Իրմա Աճեմյանը ժամանակակից գրող էր, սակայն նրա համար նշանակություն է ունեցել հատկապես ֆրանսիական մշակույթում տարածված այդ իրը՝ Presse-papier-ը, որը նրբագեղության, կոկիկության եւ պատմության խորհրդանիշ է։ 

 

Տարոն Աճեմօղլուի մայրը եղել է Պոլսի Գատըգյուղի Արամյան-Ունջյան հայկական վարժարանի տնօրենը: Բանաստեղծուհին  մահացել է 1990 թվականին՝ Փարիզում, ունի հայերեն բանաստեղծությունների երկու գրքույկ («Տալ միայն»-1975, «Իմ տողերս» -1985): Նա երկար տարիներ աշխատակցել է պոլսահայ մամուլին, բայց ամենամեծ ներդրումն ունեցել է կրթական ոլորտում: Նա նաեւ գրել է «Գեւորգ Աճեմօղլու եւ ես՝ Իրմա. Զգացումներից իրականություն» գիրքը: Իրմա Աճեմյանը նաեւ պոլսահայ «Կամար» ամսաթերթի խմբագիրն է եղել: