image

Լեգենդար հայ ուդահարները՝ Ամերիկայի Հայկական թանգարանում․ Լուսանկար, տեսանյութ

Լեգենդար հայ ուդահարները՝ Ամերիկայի Հայկական թանգարանում․ Լուսանկար, տեսանյութ

ԱՄՆ/Մասաչուսեթս/«Արեւելք»/-Ամերիկայի հայկական թանգարանում տեղի է ունեցել երաժշտական անմոռանալի երեկո՝ «Երաժշտությունը գույների մեջ» համերգաշարի շրջանակներում։ Թանգարանը պատիվ է ունեցել հյուրընկալելու ուդի լեգենդար վարպետ Ջոն Բերբերյանին և ճանաչված ժամանակակից երաժիշտ Անդրանիկ Գզիրյանին։  Նրանց տպավորիչ կատարումը յուրօրինակ կամուրջ էր՝ հայ երաժշտական ավանդույթի երկու սերունդների միջև։

Ջոնն ու Անդրանիկը միասին կատարել են 17 ստեղծագործություն, այդ թվում՝ «Ղարաբաղի եղնիկ» Արցախի սիրված ժողովրդական երգը, որը գովերգում է տարածաշրջանի բնության գեղեցկությունն ու մշակութային ժառանգությունը, Կոմիտասի հավաքագրած և մշակած «Ղուժն արա» և «Սարի նոր յար ջան» ստեղծագործությունները, ինչպես նաև Մեղրու տարածաշրջանի հետ կապված «Մեղրու աղջիկներ» աշխույժ պարեղանակը, որն Ամերիկայում հայտնի է դարձել Ջոն Բերբերյանի «Echoes of Armenia» ալբոմի շնորհիվ։

«Ուդի հնամենի պատմությունն ու Ամերիկայի հայկական թանգարանի միջավայրը՝ իր անժամանակյա ցուցանմուշներով, կատարյալ վայր էին նման համերգի համար։ Հյուրերը մեծ հաճույքով բացահայտեցին ցուցադրությունները, իսկ ինձ համար սա միշտ կմնա որպես անմոռանալի երեկո»,- համերգից հետո նշել է Ջոն Բերբերյանը։

«Սա անմոռանալի փորձ էր՝ կիսվելու հայկական ուդի պատմությամբ ու արվեստով և միևնույն ժամանակ նոր շունչ հաղորդելու մեր վտանգված ուդի երաժշտությանը։ Այս ամենը նման հեղինակավոր հաստատությունում իրականացնելն էլ ավելի տպավորիչ ու տեղին դարձրեց հանդիպումը։ Նման մշակութային միջոցառումները պահպանում ու հզորացնում են մեր համայնքը և կարևոր դեր են խաղում այս երաժշտության պահապանների պատասխանատվությունը հաջորդ սերունդներին փոխանցելու գործում»,-հավելել է Անդրանիկ Գզիրյանը։-

«Երաժշտությունը գույների մեջ» ծրագիրը կենդանի կատարումների և կրթական տարրերի միջոցով նպաստում է թանգարանի ցուցադրությունների հետ բովանդակային կապի ամրապնդմանը՝ հրավիրելով հանդիսատեսին զգալու հայ երաժշտության և արվեստի հարուստ բազմերանգությունը։

Ծրագիրն արդեն գործում է երկրորդ տարին և իրականացվում է Նենսի Ռ․ Քոլիգյանի առատաձեռն աջակցությամբ։

                                                 Ջոն Բերբերյան

Ջոն Բերբերյանը ծնվել է Նյու Յորքում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ փորձառու ուդահար և նվագարաններ պատրաստող Երվանդ Բերբերյանը։

Երաժշտական գործունեությանը զուգահեռ ստացել է փայլուն կրթություն՝ ավարտելով Կոլումբիայի համալսարանն ու Հարվարդի բիզնես դպրոցը։

Դեռևս 1960-ական թվականներին՝ «համաշխարհային երաժշտության» ուղղության ձևավորումից տասնամյակներ առաջ, հայազգի երաժիշտն առաջամարտիկ է եղել՝ համադրելով Մերձավոր Արևելքի ավանդական մեղեդիները, հոգեբանական ռոքն ու ջազը և ձայնագրվելով MGM ու RCA հեղինակավոր լեյբլներում։

Ջոն Բերբերյանն աշխարհում այն եզակի երաժիշտներից է, ում պաշտոնապես շնորհվել է «Ուդի»՝ ուդի վարպետի պատվավոր տիտղոսը։

                                                   Անդրանիկ Գզիրյան

Անդրանիկ (Էնդրյու) Գզիրյանը ծնվել է Մասաչուսեթսում, ունի փիլադելֆիական արմատներ և ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում։ Նրա արմատները հինավուրց Սեբաստիայից, Արաբկիրից, Յոզղատից և Մարաշից են։

Նա իր ընտանիքում առաջինն է, որ սկսել է ուդ նվագել՝ 19 տարեկանում, Փենսիլվանիայի համալսարանում միջազգային հարաբերություններ ուսանելու տարիներին, որից հետո կատարելագործվել է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Արա Դինքջյանը, Ջոն Բիլեզիկջյանն ու հենց Ջոն Բերբերյանը։

Երաժշտությանը զուգահեռ նա ստացել է իրավաբանական կրթություն Վիլանովայի համալսարանում, իսկ այնուհետև միջազգային ֆինանսների մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ նաև ակադեմիական մակարդակով հետազոտել ու փաստագրել է ուդի պատմությունն ու դերը ամերիկահայ համայնքում։

Անդրանիկը հայտնի է ուդի հնչողության մեջ իր նորարարական ու փորձարարական մոտեցումներով․ նա նվագարանը ներառել է ռոք, մետալ և փոփ ժանրերում, այդ թվում՝ որպես «Viza» ռոք խմբի անդամ, ինչպես նաև համագործակցել է «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ՝ նվագելով նրա «Ching Chime» երգում։

Իր գործունեության ընթացքում Գզիրյանը ելույթ է ունեցել աշխարհի խոշորագույն փառատոններում, ձայնագրվել CNN-ի հայտնի հաղորդումների համար և համագործակցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյան կրտսերը, Գոռ Մխիթարյանը և այլք։