Այն, ինչ կը նկատեմ, այն է, որ կան վճռական մեր հայրենակիցներու հոծ խումբ մը, որ պատրաստ է մեր երկիրը փրկելու այս թրքահպատակ իշխանութիւններէն. այս առումով ամէն ինչ դրական է: Այս մասին, այսօր` Մայիս 2-ին, Ֆրանսայի հրապարակին մէջ լրագրողներու հետ զրոյցին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի որդին` Լեւոն Քոչարեանը:
«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ-համաչափ եւ լկտի պահուածքը: Սա ցոյց է տալիս, որ իշխանութիւնները սարսափած են եւ հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է: Մի գուցէ վերեւներում ամէն ինչի պատրաստ լինեն, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանները ամէն դէպքում կը գնան նման քայլերի: Դա արդէն կախուած է մեր այստեղ հաւաքուածների բազմամարդութիւնից, վճռականութիւնից: Փորձը ցոյց է տալիս, որ այնտեղ, որտեղ բազմամարդ է, ոստիկանները ոչ մի բան չեն անում, որտեղ տեսնում են` համեմատաբար աւելի քիչ է, սկսում են իրենց լկտիութիւնները անել», ըսաւ Քոչարեան:
Հարցին, թէ արդեօք հաւաքուած ժողովուրդը բաւարա՞ր է յեղափոխութիւն ընելու համար, ան պատասխանեց. «Ինձ թւում է` դեռ առջեւում է, դեռ շատ մարդիկ կան մեզ պէս մտածող, որ դեռ պէտք է փողոց դուրս գան, պէտք է իւրաքանչիւրը հասկանայ, որ հէնց իրենից է կախուած ամէն ինչ: Քանակի մասով` կարծում եմ` բաւարար է, բայց ինչքան շատ մեզ միանան, այնքան աւելի հեշտ ու նանցնցում կը լինի»:
Անդրադառնալով քաղաքացիական բախումներու հնարաւորութեան, Լեւոն Քոչարեան ըսաւ. «Պարզ է, որ իշխանութեան ներկայացուցիչները փորձելու են մարդկանց մէջ վախ սերմանել, որ այ, եթէ դուրս գաք փողոց էս կարող ենք անել, էն կարող ենք անել, բայց նման բան չկայ: Կը փորձեն ուժ ցոյց տալ, մենք էլ պէտք է մեր վճռականը ցոյց տանք: Ի վերջոյ, իրենք պայքարում են մի դաւաճանի աթոռի համար, իսկ մենք` մեր երկրի համար: Մենք մտածելու բան չունենք, իրենք պէտք է մտածեն:
Ես բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետեւ մեր երթերի շարժումների ընթացքում մեր հանրութեան մեծ մասը մեզ ողջունում է թէ՛ պատշգամբներից, թէ՛ ազդանշաններով: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիների մեծ զանգուած կայ, որ դուրս գայ ու բախման գնա իրենց հայրենակիցների հետ: Ես նման վտանգ չեմ տեսնում»: