Արցախի շրջափակումէն ի վեր իրենց գործունէութիւնը դադրեցուցած են 1450 տնտեսավարող կառոյցներ, իսկ արդէն ամբողջական պաշարումէն ետք՝ 790 տնտեսավարող կառոյցներ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերութեան հետ զրոյցին ըսած է Արցախի հանրապետութեան պետական եկամուտներու կոմիտէի նախագահի տեակալ՝ Արմինէ Մուսայէլեան:
Անոր խօսքով՝ շրջափակման հետեւանքով խաթարուած են ձեռնարկատիրական ոլորտի աշխատանքները՝ կապուած հանրապետութեան տարածք հումքի, նիւթերու, ապրանքներու ներկրման սահմանափակումներու, ենթակառուցուածքներու խափանումներու եւ շարք մը այլ խնդիրներու հետ։
«2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիօրէն` իրենց արտադրական հզօրութեան միայն չնչին մասով։ Այդ են վկայում առաջին կիսամեակում նրանց իրացման շրջանառութիւնների մասով արձանագրուած ցուցանիշները։ 2022 թուականի առաջին կիսամեակի համեմատ`հանքարդիւնահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառութիւնը կրճատուել են 94 տոկոսով, շինարարութեան ոլորտում՝ 89, արտադրութեան ոլորտում՝ 60,6, առեւտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով»,- նշած է Մուսայէլեան։
Անոր խօսքով՝ յուլիս ամսուան տուեաները թէեւ յայտնի չեն, սակայն ակնյայտ է, որ, օրինակ, փոխադրութեան, հանրային սնունդի, շինարարութեան բնագաւառներուն մէջ շրջանառութիւնն արդէն իսկ հասած է, այսպէս ըսած, զէրոյական ցուցանիշի։
«Բնականաբար, սրանից բխում է, որ տարբեր ոլորտներում տեղի են ունենում կրճատումներ։ Այս պահին 14 600-ից աւելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, եւ այս ցուցանիշն ամէն օր աւելանում է»,-ըսած է ան։