image

«Անանցանելի ճանապարհ». Գորիսէն Որոտան մեկնող ուսուցիչները պատմած են իրավիճակին մասին

«Անանցանելի  ճանապարհ». Գորիսէն Որոտան մեկնող ուսուցիչները պատմած են իրավիճակին մասին

Սիւնիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի ուսուցիչները, որոնց աւելի քան մէկ տասնեակը Գորիսէն է, այսօր մեծ դժուարութեամբ, քանի մը ժամ ուշացումով հասած են  աշխատանքի՝ օգտուելով գիւղի այլընտրանքային ճանապարհէն։

«Մեծ մեքենայ կայ, որով սովորաբար գալիս ենք աշխատանքի բոլորով, բայց մեքենայով եկանք, ճանապարհի կէսից հետ գնացինք, որովհետեւ չէր կարող անցնել։ Յետոյ երկու տարբեր մեքենաներով՝  մեր ուսուցիչներից մէկի եւ տնօրէնի, եկանք։ Ճանապարհի վերեւները ցեխոտ ճանապարհ է, բայց լայնացրած է, կարողացաւ մեքենան անցնէր, բայց կէսից ներքեւ շատ վտանգաւոր, անանցանելի ճանապարհ է, մենք մի կերպ եկել ենք, հասել դպրոց։ Ճանապարհը քարուքանդ է, ջուրն էլ  միջով գնում է», պատմած է Սուսաննա Սարգսեանը։  

Սուսաննա Սարգսեանի խօսքով՝ ուսուցիչներէն շատերը դասեր չունենալու պատճառով այսօր Որոտան հասնելու կարիք չեն ունեցած,  սակայն անհրաժեշտութեան պարագային մեծ խնդիր պիտի ըլլայ, քանի որ իրենց տրամադրուած մեքենայով հնարաւոր չէ անցնիլ այլընտրանքային այդ ճանապարհով, որ կ'անցնի Խոտ գիւղով։

«Հիմա որ շատանանք, չենք կարողանալու այդ երկու մեքենայում տեղաւորուել։ Մեքենաներից մէկը մեր ռազմագիտութեան ուսուցչին է, որը ամէն օր դասի չի։ Այսօր դասի է եղել, իր մեքենայով եկել ենք մի մասը։ Մեզ պէտք է մեծ մեքենայ տրամադրեն, որ կարողանանք գալ։ Եթէ մենք այլեւս չգանք, ամբողջ գիւղը կը դատարկուի։ Երեխեքը դպրոցի համար կը տեղափոխուեն։ Մենք եկել ենք, որ մարդիկ չգնան այստեղից», նշեց Սուսաննա Սարգսեանը։