Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Պուէնոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան վարժարանի աւարտական լսարանի սաներին՝ ուղեկցութեամբ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Խուան Բալեանի։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնութիւնը բաշխելով պատանի հայորդիներին, ուրախութեամբ արձանագրեց, որ տարիներ առաջ ձեւաւորուած վարժարանի աւարտական լսարանների Հայաստան եւ Մայր Աթոռ այցելութեան աւանդոյթը այժմ վերականգնուել է: Այս առիթով Նորին Սրբութիւնը պատգամեց շրջանաւարտներին ջանասիրութեամբ շարունակել իրենց ուսումը, որպէսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտութիւնները ծառայեցնեն արգենտինահայ համայնքի առաւել աշխուժացմանը եւ հայրենիքի հզօրացմանը:
Հանդիպմանը Հայոց Հովուապետը գուհանակութեամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնայատուկ կազմակերպուածութեամբ, հայ կեանքի եւ ազգային արժէքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովուապետական այցելութիւնների ժամանակ:
Վեհափառ Հայրապետը նաեւ պատասխանեց երիտասարդների հարցերին։ Արգենտինահայ պատանիները մասնաւորապէս հետաքրքրւում էին, թէ ինչպէ՛ս է Նորին Սրբութիւնը ընտրել հոգեւորականի ուղին եւ ներկայումս ինչպիսի՛ն է հովուապետական ծառայութիւնը։
Վերջում Նորին Սրբութիւնը ուխտաւոր հայորդիներին մաղթեց Աստծոյ զօրկացութիւնն ու պահպանութիւնը: